Թուրքիայի և Եվրամիության միջև սիրիացի փախստականների հարցով քննարկումները դարձել են բրազիլացի ծաղրանկարիչ Կարլոս Լատուֆի ստեղծագործության թեման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Լատուֆի հերթական ծաղրանկարում սիրիացի փախստականների ճակատագրի շուրջ Թուրքիա-ԵՄ առևտուրն է:

Նկարում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակել սահմանն այրվող Սիրիայում կանգնած փախստականների առաջ ու նախ և առաջ ԵՄ-ից գումար է պահանջում:

Մեծ ճանաչում ունեցող բրազիլացի ծաղրանկարիչ Լատուֆն ավելի վաղ ևս իր նկարներում անդրադարձել էր Թուրքիային և նախագահ Էրդողանին: Մարտի 8-ին արված նկարում պատկերված է գրաքննության ենթարկվող «Զաման» պարբերականի դիմաց ցույց անելու հետևանքով ծեծված մի կին, ում արյունոտ գլխի մոտ Էրդողանը մոտեցել և ծաղիկ է տալիս: «Կանանց տոնին՝ մարտի 8-ին իմ ուղերձը»,- գրված է նկարում:

Մյուս նկարում հենց Էրդողանն է մահակը ձեռքին հարվածում թուրքական դրոշով կապված գլխով կնոջը: Ծաղրանկարում գրված է. «Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայում խոսքի ազատությունը մեռել է»: