«Ջամբո» այգու սեփականատեր հանդիսացող Վարդանյան եղբայրների նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհեթեթ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Զօօ ֆաունա արտ»-ի տնօրեն Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա, եղբայրները պարզապես «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի համար 62 կապիկ տեղափոխող ինքնաթիռով ցանկացել են գալ Հայաստան: Այդ կապիկները իրենց ընկերության կողմից գնվել էին սեպտեմբերին, սակայն ավիաընկերությունը անհայտ պատճառներով հրաժարվեց կապիկներին բերել Հայաստան: Եղբայրները կապ չունեն տեղափոխման հետ և պատահաբար են հայտնվել այդ իրավիճակում։

Նշենք, որ Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալել են եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Նրանք Հոլանդիայի քաղաքացիներ են։ Արտյոմ Վարդանյանը նաև ՀՀ քաղաքացի է: