Աբելյանների ընտանիքը ապրում է Թալիշ գյուղի ծայրամասային տներից մեկում: Նրանցից ընդամենը մի քանի տուն հեռավորությամբ էին Ադրբեջանի վայրագությունների զոհ դարձել 3 տարեց մարդ: 

Ապրիլի1-ի գիշերը հակառակորդի հարվածներից մեկը դիպել էր նրանց տան խոհանոցին և նրանք հազիվ էին կարողացել փախչել գիշերանոցներով՝ հասնելով Երևանում գտնվող իրենց հարազատների մոտ: 

Երբ ընտանիքի հայրն ու որդին վերադարձել են հայրենի Թալիշում գտնվող տունը, այն հայտնաբերել են անճանաչելի, ավիրված և թալանված վիճակում: 

Այսօր, սակայն, Աբելյանների մոտ տոն է. նրանց ընտանիքում ծնվել է փոքրիկ, ով, հուսով ենք, նոր շունչ կհաղորդի ընտանիքի բոլոր անդամներին: Ինչպես YN.am-ին հայտնում են թալիշցի Աբելյանների ընտանքի հարազատները, նրանց որդու կինը՝ Անին, արդեն 2 շաբաթ է գտնվում էր բժիշկների վերահսկողության ներքո, քանի որ հղիության ընթացքում խնդիրներ էին առաջացել: 

«Այսօր ծնվեց թալիշցի փոքրիկ, ով, երբ ամեն ինչ խաղաղվի, իր մանկությունը կանցկացնի Թալիշում»,- մեզ հետ զրույցում եզրափակեց հարազատներից մեկը:

YerevanNews.am-ը շնորհավորում է Աբելյանների ընտանիքին՝ ցանկանալով խաղաղություն և կանաչ երկինք: