«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մինգամից ևս հինգ պաշտոն դարձավ թափուր: Սերժ Սարգսյանը նախ իր վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին տեղափոխեց ՊԵԿ և նշանակեց այդ կառույցի ղեկավար, այնուհետև պաշտոնանկ արեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին, պաշտոններից ազատեց ՀՀ պաշտպանության նախարարության միանգամից երեք գեներալներին՝ ՊՆ փոխնախարար նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին:

Երեկվա դրությամբ նշված հինգ պաշտոններից չորսը դեռևս թափուր էին: Սերժ Սարգսյանը երեկ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար նշանակեց իր նախկին ռեֆերենտ Արմեն Հարությունյանին:

Փաստացի անցած տարիների փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն իրեն վերապահված նշանակումների հարցում շատ դժվարությամբ է կողմնորոշվում, թե ում վստահի այս կամ այն ոլորտի ղեկավարումը: Օրինակ՝ նա արդեն երկու տարի է, չի կողմնորոշվում, թե ում նշանակի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Մնում է հուսալ, որ վերը նշված դեռևս թափուր չորս պաշտոնները ԱԽՔ-ի ճակատագրին չեն արժանանա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: