Միացյալ Նահանգները դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրմանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի կայքը։

«Անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»,- նշել է Թոները ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի՝ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: