«Վեստա» ( Vesta ) ընկերությունը շահարկում է զինվորի անունն ու կերպարը սպառողների ծավալը մեծացնելու նպատակով: Տարբեր մասնավոր ընկերությունների կողմից շարունակվում է շահագործվել հայ զինվորի կերպարը, ինչը մարքեթինգային էթիկայի կոպիտ խախտում է: Արդեն անդրադարձել ենք Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից առաջարկվող նոր վարկատեսակին, որին ուղեկցող գովազդային արշավում օգտագործվում է հայ զինվորի կերպարը: Այժմ նույն քաղաքականությունն է որդեգրել «Վեստա» ( Vesta ) ընկերությունը:

«Վեստա»-ի կողմից իրականացվող ակցիան կոչվում է «Հայրենիքի Պաշտպան»: Ակցիայով նախատեսվում է գործող զեղչերի կրկնապատկում և եռապատկում «բոլոր նրանց համար, ովքեր իրենց աննկարագրելի ներդրումն ունեն երկրի պաշտպանության գործում»:

Իհարկե, հայրենիքի պաշտպանների ներդրումն «աննկարագրելի» է և նրանց միանշանակ անհրաժեշտ է տրամադրել տարբեր տեսակի արտոնություններ, սակայն նշված դեպքերում շահարկվում է զինվորի անունն ու կերպարը, սեփական գործունեության գովազդ՝ վարելով անբարեխիղճ մարքեթինգային քաղաքականություն:

Ինչպես և նախորդ դեպքում, ցանկանում ենք բոլոր գործարարներին հիշեցնել մարքեթինգային էթիկայի կանոնների մասին: Միջազգային փորձը վկայում է, որ մարքեթինգային էթիկայի կանոները անտեսող ընկերություններն արժանացել են սպառողների կողմից սուր քննադատության և նույնիսկ դատական հետապնդման:

«Վեստա» ( Vesta ) ընկերության կողմից անցկացվող ակցիան ևս մանիպուլյացիայի է ենթարկում սպառողներին: Օգտագործելով զինվորի կերպարը ընկերությունը փորձում է ներգրավել առավել մեծ թվով սպառողներ և ապահովել մաքսիմալ շահույթ: