«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ֆինանսների նախարարության բաժանումից և ֆինանսներն ու Պետեկամուտների կոմիտեն տարանջատելուց հետո ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանն ակնհայտորեն կադրային զտումներ է իրականացնում։

Նրա նշանակումից ընդամենը օրեր անց Բագրատաշենի մաքսայինի պետ Կարեն Գրիգորյանը՝ նախկին պետ Գագիկ Խաչատրյանի մերձավորներից մեկը, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սողոմ Մելիքսեթյանը։ Վերջինս, ըստ ՊԵԿ-ից ստացված պարզաբանման, 2002-ից աշխատում է մաքսային համակարգում` նախ որպես տեսուչ, ավագ տեսուչ, ապա 2009-ից մինչև վերջին նշանակումը զբաղեցրել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալի պաշտոնը: Ունի մաքսային ծառայության մայորի կոչում:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանի անունը հիշատակվում էր մարտի վերջին մի խումբ մաքսային աշխատակիցների հրապարակած նյութում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին և ԶԼՄ ներկայացուցիչներին: Ձայնագրության մեջ ասված էր, որ «Կյաժ» մականունով Կարեն Գրիգորյանը մաքսային չարաշահումների մասնակիցն է եղել, և չի բացառվում, որ նրա անաղմուկ պաշտոնանկությունը կապված է այս լսանյութի հրապարակման հետ։ Ի դեպ, ՊԵԿ նոր ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարել է, որ այն մասնագետները, որոնք կդրսևորվեն իբրև գրագետ, ազնիվ և բարձր որակի աշխատակիցներ, պաշտոնի բարձրացում կստանան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: