Մոլոկանի աղջիկը
-----------------------
(պատմվածք)

Մոլոկան բառը առաջին անգամ լսել եմ տատիցս։ Ամեն անգամ, երբ մայրս շուկա էր գնում, տատս ասում էր՝ մոլոկանից թթու կառնես։ Ես կարծում էի՝ մոլոկանը շուկայում թթու վաճառող տատիս ծանոթի անունն էր։ Այդպես, մինչև մեր մուտքի Կարո պապի տունը վաճառվեց, ու այնտեղ բնակվելու եկավ մի մոլոկան ընտանիք։ Բայց լավ է, ամեն ինչ հերթով պատմեմ։

Աշնան վերջի ցուրտ օրերն էին։ Անձրև չկար, մի այնպիսի քամի էր, որ մարդ կքշեր, տատիս ասած՝ քամին ձյան տեղ էր բացում։ Տասնչորս տարեկան տղա էի, վերադառնում էի դպրոցից։ Դեռ հեռվից տեսա մեր մուտքի մոտ հավաքված հարևաններին ու տատիս՝ նրանց մեջտեղում ճառ ասելիս։

- Մի խոսքով՝ մոլոկանները շատ մաքրասեր, բարի, իրենց ընտանիքի ու համայնքի հոգսերով ապրող մարդիկ են, և ես շատ ուրախ եմ, որ նրանք մեզ հարևան են եկել,- իր ճառն ավարտեց տատս ու դարձավ ինձ,- արի, արի տուն գնանք, կմրսես։

Մեր նոր հարևանները, զգալով տատիս բարեհաճ վերաբերմունքը, քիչ-քիչ սկսեցին մեզ հետ հարևանություն անել, տալ-առնել։ Ընտանիքի հայրը, մինչև կուրծքը հասնող կարմիր մորուքով մի տղամարդ էր, տատս ասում էր, որ վարպետ մարդ է, ոսկի ձեռքեր ունի։ Կինն էլ հաճելի ժպիտով կին էր, բայց ով գոնե մեկ անգամ առիթ էր ունեցել ուտելու նրա պատրաստած կարկանդակներն ու <<պերաշկիները>>, երբեք չէր մոռանա դրանց համը։ Երկու աղջիկներ ունեին։ Մեծը՝ Մարիան, կապույտ-կապույտ աչքերով, մարմարե մաշկով մի աղջիկ էր, իսկական գեղեցկուհի, բայց հրաշքը նրա ոսկեհեր հյուսքն էր՝ միշտ կրծքի վրա։ Իմ պատանեկան երևակայությամբ, ես թույլ, դողացող մատներով համարյա ամեն օր քանդում էի այդ հյուսքը, այդպես էլ թողնում էի ու չէի պատկերացնում, թե ինչպես է այն հավաքվում, հյուսք դառնում։ Տատիս հետ ունեցած մոտիկությունից օգտվելով, ես հաճախ էի թևիս տակ դնում ռուսաց լեզվիս դասագիրքն ու իջնում նրանց տուն, թե՝ Մարիա, օգնիր, էս վարժությունը գրեմ։ Նա սիրով օգնում էր։ Զգացվում էր, որ Մարիան մի առանձին սեր ուներ գրքի, գիր, գրականության նկատմամբ, բայց դպրոցն ավարտելուց հետո, ծնողները որոշել էին, որ մոլոկանի աղջկան պետք չէր բարձրագույն կրթություն, թող մնար, օգներ մորը տան գործերով, մանավանդ , որ կարկանդակների ու <<պերաշկու>> շատ պատվերներ էին ունենում։ Հաճախ էր պատահում, նա կարդում, ինձ համար թարգմանում, բացատրում էր դասագրքից հանձնարարված վարժության պահանջը, իսկ ես նրան չէի էլ լսում, խորանում էի, նրա կապույտ աչքերի ծովու ինձ համար հեքիաթներ հյուսում։ Մի խոսքով՝ ես սիրահարվել էի։ Պահ, այդ պահին ինձ համար ոչ մի նշանակություն չուներ, որ նա ինձանից մի տասը տարով մեծ էր կամ մոլոկանի աղջիկ էր։ Սիրահարվել էի և վերջ։ Բայց արի ու տես, որ մենակ ես չէի, Մարիային սիրահարվել էր նաև մեր հարևան մուտքի Արսենը։ Արսենը սպորտսմեն էր, չեմպիոն, սովորում էր ֆիզկուլտ ինստիտուտում։ Նա մեր բակի պարծանքն էր, հպարտությունը։ Մայրերը, որպես օրինակ, իրենց տղա երեխաներին միշտ նրան էին մատնացույց անում, թե՝ գնա սպորտի, որ Արսենի նման ուժեղ, համարձակ տղա դառնաս, և կամ՝ կեր, որ Արսենի նման գեղեցիկ տղա դառնաս, բոլոր աղջիկները սիրահարվեն քեզ։ Մենք բոլորս՝ իմ տարեկից տղաներով նույնպես, մի առանձին ակնածանք ունեինք բարի, մարդամոտ, ժպտերես Արսենի նկատմամբ, որ մեր կողքով անցնելիս միշտ հարցնում էր, թե՝ հը՞, ո՞նց եք, հո ձեզ կողքի բակերից բան ասող չկա՞, էդպիսի բան լինի, իսկույն ինձ խաբար արեք։ Մի օր, ինչպես միշտ, բակում տղաներով հավաքված էինք, մոտեցավ Արսենը, ինձ ձեռքով արեց, թե՝ արի քեզ հետ գործ ունեմ։ Ես փքվեցի մեջս, որ այդքան տղաների մեջ, նա որոշեց հենց իմ հետ գործ ունենալ։ Երբ առանձնացանք, ասաց․

- Զավիկ, դու գաղտնիք պահել գիտե՞ս։

Ես մի պահ նույնիսկ վիրավորվեցի, թե այդ ի՞նչ հարց էր։

- Մի նեղացիր, Զավեն ջան, քեզ ուզում եմ մի բան խնդրել։

Ես մատներով սեղմեցի իրար շրթունքներս։

- Արսեն, ես ձուկ եմ։

- Զավեն, դուք էն մոլոկանենց հետ մոտ հարևաններ եք, գնալ-գալ ունեք, չէ՞։

- Հա, Արսեն ջան, շատ մոտ ենք, հատկապես՝ տատս։

- Ես քեզ մի նամակ տամ, կարո՞ղ ես տալ մոլոկանի մեծ աղջկան՝ Մարիային։

Կարծես տոկահարվեցի։

- Իհարկե, կարող եմ, խնդիր չկա։

- Բայց տես, հա՛, մարդ չիմանա, տանեցիք չիմանան։

- Հանգիստ եղիր, Արսեն ջան,- մեծավարի ասացի ես,- էնպես կտամ, ոչ մեկն էլ չի իմանա։
Արսենից վերցրեցի նամակը, թաքցրեցի գրպանումս ու տուն վազեցի։ Մի տեսակ ոգևորվել էի, ինձ հպարտ էի զգում այն մտքից, որ Արսենը, մեր չեմպիոն, մեր հպարտություն Արսենն էլ սիրահարվել է Մարիային։ Փաստորեն, ես ճիշտ եմ եղել, Մարիան աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է, որ նրան նույնիսկ Արսենն է նկատել։ Հասա տուն, ռուսերենի դասագիրքը դրեցի թևիս տակ ու իջա մոլոկանի տուն։

Այսպես ես դարձա Մարիայի ու Արսենի սիրո վկան, նրանց հավատարիմ փոստատարը, թեև դա բոլորովին չէր խանգարում, որ ես մտովի շարունակեի քանդել Մարիայի ոսկեհեր հյուսքը։

Հունիսն էր։ Մեր բակի թթենուց հասած թթի ախորժաբեր հոտը տարածվում էր բակով մեկ, մտնում բնակարանները, հասնում չորրորդ-հինգերորդ հարկ։ Բակի մի քանի տղաներով բարձրացել էինք թթի ծառն ու տատիս համար մի փոքր ամանով թութ էինք հավաքում, երբ ծառին մոտեցավ Արսենը։ Ես ամանը տվեցի տղաներից մեկին ու ծառից իջա։
- Զավիկ ջան, էս նամակը տուր Մարիային ու ասա, որ ես անպայման կսպասեմ իրեն թթի ծառի տակ, թեկուզ մինչև լույս։

- Լավ,- ասացի, տղաներից վերցրի տատիս համար հավաքած թութն ու գնացի տուն։
Մտածում էի, լավ, ի՞նչ մահանայով գնամ մոլոկանի տուն, չէ՞ որ արձակուրդ է, դասի մահանան չկա։ Բայց երկար չմտածեցի, հնարը շուր գտա։ Մոլոկանի դռան զանգը տվեցի, Մարիայի մայրը բացեց, ես իսկույն նրան դեմ տվեցի թթով լի ամանը․

- Ծյոծ Դուսյա, թութ եմ հավաքել տատիս ու ձեզ համար, բարձրացեք մեր տուն, համ թութ կուտեք, համ կոֆե կխմեք։- Ու սլացա վերև։

Քիչ անց ծյոծ Դուսյան եկավ մեր տուն, իսկ ես այս անգամ սլացա ներքև, նամակը տվեցի Մարիային, ասացի՝ ինչ պետք էր ու դուրս վազեցի։

Արդեն մթնում էր, որ տուն վերադարձա, մորս նախատինքների տակ հաց կերա, կիսաքուն մի քիչ հեռուստացույց նայեցի ու պառկեցի։ Ինչպես ասում էր տատս, աչքս, չգիտեմ, թե ինչքան էր կպել, երբ դրսից աղմուկ լսվեց։

- Տատ, էդ ի՞նչ աղմուկ է,- հարցրի կիսաքուն։

- Քնիր, քնիր, քո գործը չէ,- բարկացավ մայրս։

Այդպես էլ քնեցի։

Առավոտյան դեռ նոր էի լվացվել, երբ բակից ձայն տվեցին․

- Զա-վեեեն։

Դուրս եկա պատշգամբ։ Մկոն էր։

- Շուտ իջիր, բան է պատահել,- ձեռքով արեց։

Առանց նախաճաշելու իջա բակ։

- Ի՞նչ կա։

- Տեղյա՞կ ես, թե գիշերն ինչ է պատահել,- խորհրդավոր հարցրեց Մկոն։

- Չէ, ի՞նչ է պատահել։

- Արի,- դեպի թթի ծառի տակ հավաքված կանանց կողմը գնաց Մկոն,- լսիր, թե ջադու Աշխենը ինչ է պատմում։

- ․․․հա , էդ պահին տանից դուրս ա գալիս մոլոկանը ու աղջկան բռնացնում Արսենի հետ պաչպչվելուց։

Աչքերիս առջև մթնեց, իսկ ջադու Աշխենը առավոտից ամեն նոր մոտեցողի համար նորից վերապատմում էր իմացածը։

- Աղջկան քաշում է, որ խփի, Արսենը ձեռքը բռնում է, թե՝ դու իրավունք չունես խփելու, մենք իրար սիրում ենք։ Մոլոկանն էլ, թե՝ նա իրավունք չունի հային սիրելու։ Էս ղալմաղալի վրա դուրս են թափվում Արսենի տանեցիք․․․

Աշխենը պատմում, պատմում էր, բայց ես արդեն չէի լսում նրա պատմածը։ Իսկ Մարիայենց պատշգամբի միշտ բաց պատուհանը ամուր փակված էր, վարագույրներն էլ՝ քաշված։
Երկու օր անց, նոր էի քնից արթնացել, տատս խանութից վերադարձավ ու մորս ասաց, որ մոլոկանը տան իրերը բարձեց մի մեծ ավտոմեքենա ու հեռացան, ասացին, գնում են ապրելու մոլոկանների գյուղում, հարազատների մոտ։

Այլևս երբեք ոչ ես, ոչ մեր բակից որևէ մեկը նրանց ընտանիքի մասին լուր չառավ։

․․․

Անցավ երեսունհինգ տարի։

Ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով Հայաստանից Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում նաև ես կայի։ Նյու Յորքում հերթական պաշտոնական հանդիպումից հետո, երբ պատրաստվում էինք գնալ հյուրասիրության, հանկարծ ինձ մոտեցավ հանդիպման կազմակերպիչներից մեկը, որն այդ ողջ ընթացքում, մեկ շաբաթ անընդհատ մեզ հետ էր եղել։ Հիսունն անց, խնամված, վեհաշուք տեսքով մի տիկին էր։
- Պարոն Ներսիսյան, մինչ հյուրասիրության գնալը, կարելի՞ է ձեզ մի քանի րոպեով հրավիրել իմ աշխատասենյակ, այնտեղ անակնկալ ունեմ։

- Իհարկե, կարելի է,- սիրալիր համաձայնեցի ես։

Երբ մտանք նրա աշխատասենյակ, ես զարմանքից բացականչեցի։

- Իրոք, ա՜յ, քեզ անակնկալ։

Դիմացի պատին Այվազովսկու <<Նոյն իջնում է Արարատից>> կտավն էր, կողքին՝ Երևանի համայնապատկերը։ Հետո դարձա տիկնոջը։

- Դուք եղե՞լ եք Երևանում։

- Ես ծնվել եմ Երևանում,- կոտրված հայերենով պատասխանեց տիկինը։
Ես քարացա։ Այդ պահին չգիտեի՝ ինչպե՞ս շարունակեի զրույցը, նրա հայերեն ասածը ավելին էր, քան անակնկալը։ Տիկինը զգաց իմ անելանելի շփոթվածությունը։ Առաջարկեց նստել։ Ես զգացի, որ հիմա ինձ համար մի շատ կարևոր, հուզիչ, անսպասելի բան եմ լսելու։ Եվ իրոք։ Տիկինը տեղավորվեց իմ դիմաց, զգացի, որ նրա համար էլ հեշտ չէր խոսելը, ավելին՝ նա չէր կարողանում թաքցնել հուզմունքը։ Բայց պատկերացրեք, ես էլ պակաս հուզված չէի։

- Այո, ես ծնվել, մեծացել եմ Երևանում։ Հիշու՞մ ես, Զավեն, Ավան թաղամասի Աճառյան փողոցի ձեր շենքում ապրելու եկավ մոլոկանի ընտանիքը։ Ես այն մոլոկանի աղջիկն եմ՝ Մարիան։

Ես նստած տեղից կանգնեցի։ Չգիտեմ, որքան մնացի այդպես քարացած, մինչև նրա ձայնը ուշքի բերեց ինձ։

- Այո, ես եմ, Մարիան։ Հենց առաջին օրը, երբ կարդացի անունդ, նայեցի քեզ, իսկույն ճանաչեցի, տարիքի հետ հայրիկիդ շատ ես նմանվել։

- Իսկ դու, դու՞ ինչպես ես հայտնվել այստեղ, Մարիա։

ՄԱՐԻԱՅԻ ՊԱՏՄԱԾԸ

Երևի հիշում ես, երբ վերջին նամակը բերեցիր, որտեղ Արսենը գրել էր, որ կսպասի ինձ թթի ծառի տակ։ Երեկոյան հայրս գործից ուշ եկավ, շատ հոգնած էր, մի քիչ էլ լավ չէր զգում, հաց կերավ ու շուտ պառկեց քնելու։ Մայրս ու քույրս էլ գնացին քնելու, իսկ ես կռացել էի գրքի վրա, իբրև շատ հետաքրքիր էր, կլանված կարդում էի, այնինչ ուշքս ու միտքս այնտեղ՝ բակում էր, թթի ծառի տակ, Արսենի հետ։ Երբ համոզվեցի, որ բոլորն արդեն քնել են, զգույշ դուրս եկա, հասա թթի ծառին։ Երբ Արսենի հետ էի լինում, ես չէի հասկանում, թե այդ ինչպես է թռչում, անցնում ժամանակը։ Այդպես էլ այդ օրը։ Ես մոռացել էի տանը քնած հորս էլ, մոռացել էի իմ մոլոկանի աղջիկ լինելն էլ, ողջ աշխարհն էլ։ Ասացի, որ հայրս իրեն լավ չէր զգում։ Մի քիչ քնելուց հետո արթնանում է ոտքերի ցավից, դեղ է խմում, հետո դուրս է գալիս պատշգամբ։ Լուսնյակ գիշեր էր, և լուսինն էլ եղավ իմ ու Արսենի սիրո դավաճանը։ Հայրս թթի ծառի տակ նկատում է նստած զույգին, իսկ իմ սպիտակ գլխաշորը ճչում, մատնում է, որ այդ ես եմ։ Արդեն չեմ հիշում, ինչ զգացի, երբ հայրս հայտնվեց մեր առաջ, քաշեց իմ թևից, ցանկացավ ապտակել, բայց Արսենը բռնեց նրա թևից, ասաց, որ նա իրավունք չունի, մենք սիրում ենք իրար։ Հայրս ափերից դուրս եկավ, ես նրան երբեք այդպիսին չէի տեսել։ Նա բարձրացրեց ձայնն ու Արսենին վիրավորական խոսքեր ասաց։ Գիշերվա լռության մեջ նրանց գոռգոռոցները տարածվեցին բակով մեկ, քնած մարդիկ արթնացան, կախվեցին պատշգամբներից, մի քանիսն էլ իջան բակ։ Լուրը, չգիտեմ ինչպես, հասավ նաև Արսենի ծնողներին, նրանք էլ եկան։ Պարզվեց, նրանք վաղուց գիտեին իմ ու իրենց որդու սիրո, գաղտնի հանդիպումների մասին։ Արսենի հայրը մոտեցավ հորս ու փորձեց հանգստացնել նրան, որ ջահելները իրար սիրում են, ինքը հենց վաղն առավոտյան մատանիով կգա մեր տուն՝ նշանախոսության, այնպես որ՝ պետք չէ հիմա աղմուկ բարձրացնել։ Բայց հայրս ավելի բորբոքվեց, ասաց, որ մոլոկանը աղջիկ չունի հային տալու, հետո դարձավ, դիմեց ինձ ռուսերենով․

- Մարիա, եթե ցանկանում ես, հենց հիմա կարող ես գնալ, հեռանալ այս մարդկանց հետ, բայց գիտես նաև մեր համայնքի, կրոնի սովորույթը, կարգ ու կանոնը, եթե գնաս, դու կհամարվես տանից վռնդված, դու մեզ համար այլևս գոյություն չես ունենա, գնա ու քեզ հետ կտանես իմ հայրական անեծքը։

Ես կանգնել էի ու թվում էր, որ երազում եմ, տհաճ երազում։ Այ, հիմա կբացեմ աչքերս ու այս բոլորը չեն լինի, իմ բարի հայրիկը , ինչպես միշտ, կմոտենա ու կհամբուրի տհաճ երազից արթնացած դստերը։ Հանկարծ մի զարհուրելի միտք եկավ, որ եթե հանկարծ ես հիմա Արսենի ու նրա ծնողների հետ գնամ, հայրս, իմ հիվանդ, աշխատավոր հայրը էլ չի ապրի, նա ինքնասպան կլինի հենց միայն ամոթից, որ պետք է բացատրություն տա համայնքում, մեր կրոնական առաջնորդին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ իր աղջիկն ամուսին ընտրեց մի մարդու, որն իրենց հավատքից չէ, իրենց համայնքից չէ, ուրեմն՝ հայրը ճիշտ չի դաստիարակել իր աղջկան, ուրեմն՝ հայրը թերացել է։ Այո, հայրս ինքնասպան կլիներ, չէր դիմանա այդ ամոթին։ Իսկ ե՞ս, այդ դեպքում արդյո՞ք ես երջանիկ կլինեի Արսենի հետ։ Ես ձեռքս հեռացրի Արսենի ձեռքից, մոտեցա հորս։

- Հայրիկ, խնդրում եմ, տուն գնանք։

Մենք տուն գնացինք, բայց մինչ այս պահն էլ ականջներիս մեջ Արսենի աղերսող, խնդրող ձայնն է․

- Մարիա, Մա-րի-ա, մի գնա, վերադարձիր, խնդրում եմ, վերադարձիր։

Հաջորդ առավոտյան հայրս գնաց շրջաններից մեկում գտնվող մոլոկանների գյուղի մեր հարազատների մոտ, երկու օրից վերադարձավ մեծ, բեռնատար ավտոմեքենայով, որի մեջ տեղավորեցինք մեր իրերն ու գնացինք ապրելու այդ գյուղում։ Մեկ ամսից Մոսկվայից մեզ հյուր եկավ մորաքույրս։ Մոսկվա վերադառնալիս, նա համոզեց ծնողներիս, իր հետ տարավ ինձ։ Մոսկվայում ես բարձրագույն կրթություն ստացա, աշխատանքի անցա բավական ճանաչում ունեցող մի ֆիրմայում։ Երկու տարուց, որպես առաջավոր, խոստումնալի,օրինակելի աշխատող, ինձ ուղարկեցին ԱՄՆ՝ փորձի փոխանակման։ Եկա և շատ արագ որոշում կայացրեցի՝ այլևս չվերադառնալ Մոսկվա։ Ես չէի ուզում վերադառնալ իմ երջանկությունը խլած այդ կիսագունդը, ճար լիներ, այս մոլորակից էլ կփախչեի, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, դա փրկություն չէր, ինչպես ասում են՝ կիսագնդից փախար, ինքդ քեզանից ու՞ր պիտի փախչես։ Այդպես էլ այս կյանքում մնացի մեն-մենակ, առանց ընտանիքի, ինքս իմ հիշողություններով։ Արդեն ծանր հիվանդ, մահամերձ հայրս ցանկանում էր ինձ տեսնել, չստացվեց, չկարողացա անգամ թաղմանը հասնել, խոսեցինք հեռախոսով։ Հայրս հեկեկում էր, հուզմունքից խեղդվում, չէր կարողանում խոսել, միայն կարողացավ ներողություն խնդրել իմ չկայացած կյանքի համար։ Է՛հ, հայրիկ ջան, էլ ինչ ներողություն, քեզ ինքնասպանությունից փրկեցի իմ ինքնասպանությամբ։

․․․

Անձեռոցիկն աչքերին սեղմեց ու լռեց, երկար ժամանակ չէի խանգարում նրա հեկեկոցին, մինչև հանգստացավ։

- Ահա, այսպես էլ անիմաստ ապրում եմ;

Հասկացա, որ արդեն ինձ էր ցանկանում լսել, չուշացրեցի։

- Մեր շենքից ձեր հեռանալուց հետո շատ բան փոխվեց։ Բակում լռեցին ուրախ, անհոգ խաղերն ու զրույցները, մարդիկ կարծես նույնիսկ խուսափում էին իրար հանդիպել; Մեկ-մեկ տատս էր, խանութ գնալիս-գալիս, այս կամ այն հարևանից որևէ լուր բերում, հետո սկսվեց Արցախյան պատերազմը։ Տատս լուր բերեց, որ Արսենն էլ, որպես կամավոր, մեկնել է Արցախ։ Մայրն, արցունքն աչքին ասում էր, որ մեկ-մեկ զանգում է, կարճ, մի երկու բառ միայն խոսում։ Հետո երկար ժամանակ նրանից լուր չկար։ Հարևաններն էլ անհանգստանում էին։ Բայց մի օր նա երևաց։ Շատ էր փոխված, մեր իմացած Արսենից բան չէր մնացել։ Դարձել էր մռայլ, մի ոտքից կաղում էր, անտանելի հազի նոպաներ էր ունենում, բայց մի քիչ կազդուրվելուց հետո նորից վերադարձավ Արցախ։ Այս անգամ վերադարձավ մեկ տարի անց, լրիվ անճանաչելի էր դարձել։ Մենակ չէր վերադարձել, հետը արցախցի մի կին էր բերել, ասում էր՝ այդ կինը իր կյանքն է փրկել, իր կենդանությամբ նրան է պարտական։ Մի քանի ամիս անց նրանց աղջիկ երեխա ծնվեց։ Արսենը նրան Մարիա կոչեց։ Հաճախ էր երեխայի ձեռքից բռնած, դուրս գալիս բակ, միայնակ երկար նստում էր թթենու տակի նստարանին, հետևում երեխայի խաղին։ Հիշում եմ, մի անգամ հարևան կանանցից մեկը աղջկան սիրելիս ասաց,

- Մարի ջան, այս ինչ գեղեցիկ արջուկ ունես, ո՞վ է գնել։

Արսենը մռայլ քաշեց երեխային դեպի իրեն ու ասաց․

- Նա Մարի չէ, Մարիա է։

Շատ հիվանդ էր, մայրն ասում էր, որ Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամություն են տվել, կոնտուզիայի պատճառով տառապում էր գլխացավերից, հազը գցել էր թոքերը, վիրավոր ոտքից փտախտ էր սկսվել։

Մի անգամ իրենց պատշգամբից ձայն տվեց, թե՝ գնա թթի ծառի տակ, գալիս եմ։ Եկավ, նիհարել, մի բուռ էր դարձել, երեսին գույն չկար։

- Մի բան պիտի խնդրեմ, Զավիկ ջան,- նա ինձ Զավիկ էր միշտ ասել։

- Արսեն ջան, խնդրելս ո՞րն է, ասա։

Ծոցագրպանից մի տետր հանեց։

- Իմ հուշերն են, բանաստեղծություններ, օրագրի պես մի բան է։ Ուզում էի այրել, ձեռքս չգնաց, առ, վերցրու, թե չուզենաս պահել, այրիր, չեմ ուզում, որ ուրիշի ձեռք ընկնի։

Էլ ոչ մի խոսք, բարձրացավ ու ոտքը քարշ տալով՝ գնաց տուն։ Մոտ մեկ ամիս անց, մահացավ։ Երևանը այդպիսի թաղում երևի չէր տեսել։ Կարմիր բարձիկների վրա տանում էին Արսենի Մարտական առաջին Աստիճանի խաչը, մյուս բազմաթիվ մեդալները, մեր բակն այդքան գեներալ ու զինվորական չէր տեսել։ Պատմում էին Արսենի հերոսությունների մասին, իսկ այդ պահին ես ամոթից կարմրել էի, որ Արսենի մասին ոչինչ չեմ իմացել, և ինձ հետ միասին մեր ողջ բակն էր զարմանքից քարացել, ոչ ոք էլ չէր իմացել, չէր ճանաչել Արսեն Ազատամարտիկին, մեր կողքին, մեր մեջ ապրող հերոսին։ Արսենի թաղման արարողություններից բավական անցել էր, երբ իմացա, որ կինը աղջկա հետ վերադարձել են Արցախ, հայրենի գյուղ, բայց քանի Արսենի ծնողները կենդանի էին, հաճախակի գալիս, գնում էին, այս վերջին տարին չեմ հանդիպել, տեղեկություն չունեմ։

Վերջացրի, լուռ նստեցինք, միայն Մարիայի քթի ֆըսֆըսոցն էր երբեմն լսվում։

- Իսկ այն տետրը դու դեռ պահու՞մ ես,- զգուշ հարցրեց նա։

- Իհարկե, պահում եմ,- հետո ես էլ իմ հերթին զգույշ հարցրեցի,- եթե կցանկանաս, ես կարող եմ այն ուղարկել քեզ, դու ես իրական հասցեատերը։

ՎԵՐՋԱԲԱՆ

Խառն ենք։ Առավոտ շուտ կինս ուղարկեց շուկա՝ մթերքի, բանջարեղենի ու մրգի մի անվերջանալի ցուցակ տալով ձեռքս։ Շուկայից ծանր-ծանր, հոգնած վերադարձա, հատ-հատ ստուգեց գնածներս, ամեն ինչից դժգոհ մնաց, հայտարարեց, որ ինձ այլևս չի կարելի շուկա ուղարկել, ես առևտուր անել, որակով միրգ առնել չգիտեմ։ Վերջը մի կերպ կարողացա համոզել, որ սուրճ պատրաստի, պատրաստեց, լավ է, ինչպես տատս կասեր՝ հիմա զիբարը բացել է, տոլման է փաթաթում։ Հարսս ու աղջիկս խոհանոցում խմորեղեններ են պատրաստում։ Ես էլ ահա նստած տղայիս եմ սպասում, որ գնանք օդանավակայան։ Ինչպե՞ս, դեռ չե՞մ ասել, որ Նյու Յորքից Մարիան է գալիս, մեկ ժամից ինքնաթիռը վայրէջք կանի Զվարթնոց օդանավակայանում։

Գրել էր, որ ցանկանում է գալ, այցելել Արսենի շիրիմին, հետո գտնել նրա աղջկան՝ Մարիային։ Ըհը, բակից տղայիս ավտոմեքենայի ազդանշանի ձայնը եկավ։ Դե, ես գնացի։
Մոլոկանի աղջիկ Մարիա՜ն է գալիս։

Մելանյա Պետրոսյանց