«Քամու այս տեսակը մեր գիտության մեջ կոչվում է փոթորկանք, այն շարժվում է ուղղահայաց առանցքի և հորիզոնական առանցքի հատման կետերում և շատ հաճախ վեր է ածվում պտտահողմի: Ավերածությունները, որ եղան՝ տանիքների պոկում, ծառերի կոտրում, պայմանավորված էր առանձին հատվածում եղած պտտահողմով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ մեկնաբանելով Մայիսի 23-ի ուժգին քամին:

նա նշեց, որ ուժգին քամին բոլորովին էլ անսպասելի չէր: Օդերևութաբանն ասաց, որ ամենամեծ պոռթկումը եղել է Երևանի Դավթաշեն համայնքում՝ 25 մ/վ արագությամբ, ապա՝ Աշտարակում: Ուժեղ քամի է գրանցվել Գավառի Սարուխան գյուղում:

Օդերևութաբանի հաղորդմամբ՝ վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը, այն կտեղափոխվի դեպի արևելք: