«ArmLur.am-ին հաջողվել է պարզել ծեծի գործի ողջ մանրամասները: Այսպիսով, պատմությունը սկսվել է մի առաքիչից, որը իր աշխատանքի բերումով գնացել է «Երևան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ: Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որպեսզի հնարավորություն ունենա ներս մտնելու և ինչ որ բան առաքելու համար: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն առաջարկել է անվտանգության աշխատակցին տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները և նրան ներս թողել: Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից գումարներ են պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը, որտեղ եղել է բանկային քարտի կոդը, տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել՝ հանդիպել: Առաքիչն իր եղբոր և մի ընկերոջ հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ իր հերթին պայմանավորված վայր է հասել իր եղբոր և ընկերների՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 4 թիկնապահների ուղեկցությամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ «Կարֆուրի» անվտանգության աշխատակիցը և Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել առաքիչին, նրա եղբորը և ընկերոջը: Ըստ ամենայնի՝ «Կարֆուրի» աշխատակիցը չի ընդունել իրենց հասցեագրված մեղադրանքը, թե ինքն է առաքիչի հաշվեհամարից գումարներ քաշել: ՀՀ Քննչական կոմիտեին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ մայիսի 16-ին այս գործով ձերբակալվել է 6 հոգի, որից 4-ը Բեգլարյանի թիկնապահներն են: Ու քանի որ Գագիկ Բեգլարյանն ուղղակի որևէ առնչություն չունի կատարվածում, ուստի իրավապահները քրեական գործ են հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելը (անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ): ՀՀ Քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Տեղեկացնենք, որ գործով կան նաև կալանավորվածներ: Նշենք, որ ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ միջադեպի մասնակիցներից Ա. Կարախանայանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից մեկի մորաքրոջ տղան է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։