Գրավոր հիշատակումներ կան այն մասին, որ Վրաստանի պատմության թանգարանում են գտնվում Երևանի Սարդարի պալատից տարված ութ գունավոր որմնանկարներն ու դիմանկարները: Կասկածներ կան, որ 1914 թվականին դրանք Թիֆլիս են հասցվել անազնիվ ճանապարհով: Ասում են, թե հետագայում Հայաստանը դիմել է Վրաստանի իշխանություններին՝ նկարները վերադարձնելու պահանջով, սակայն մերժում է ստացել: Այն, որ Սարդարի պալատում իսկապես եղել են նման գործեր, փաստ է: Այդ մասին վկայություններ կան նաև ռուս նկարիչներ Գրիգորի Գագարինի և Վլադիմիր Մոշկովի հիշողություններում: Մնում է միայն հասկանալ, թե ինչպես անհետացան դրանք ու հայտնվեցին սահմանից այն կողմ: Հուսամ, որ իրավասու և տեղեկացված մեկը կարձագանքի այս գրառմանը, նաև կպարզաբանի, թե Հայաստանի սեփականությունը հանդիսացող մշակութային ու պատմական արժեքները ի՞նչ եղանակով պիտի վերադարձվեն իրենց իսկական տիրոջը:

Հովիկ Չարխչյան