«Գրավատան տնօրեն Արտակ Գալստյանին, որը, ըստ իրավապահների, կասկածվում է իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով շորթում կատարելու մեջ, կալանավորել են, իսկ նրա փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, բողոքարկել է կալանքի որոշումը։ Նա պահանջում է, որ կալանավորումը փոխեն գրավով։

Սուսաննա Սարգսյանը հերքեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե կայքերի միջոցով Արտակ Գալստյանը փորձել է 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանից շորթել Բաղրամյան 77/8 հասցեում գտնվող տարածքը, որն Արտակ Գալստյանը նախկինում վաճառել է, սակայն գումար չի ստացել։ Սա «բուրգի» գործի դրվագներից մեկն էր։ «Տարածքը կայքերի միջոցով շորթելու կարիք Արտակ Գալստյանը չուներ,– վստահեցնում է Սուսաննա Սարգսյանը։– Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, որ դատավճիռ կար քրեական գործով, որ այդ տարածքը խարդախությամբ հափշտակված է և քաղաքացիական գործով էլ արդեն քաղհայց ունենք, որի շրջանակներում դատարանը կալանք է դրել Բաղրամյանի այս տարածքի վրա։ Ինչ ուներ կայքի միջոցով շորթելու։ Այսպես, թե այնպես, արդեն դատական ակտով հաստատված հանգամանք կա, և այդ տարածքի նկատմամբ Գալստյանի իրավունքի վերականգնումն ընդամենը ժամանակի խնդիր է, և ոչ մի դատարան չի առարկում դատարանի վճռով հաստատված հանգամանքները»։

Մեր տեղեկություններով, Կարեն Բաբակեխյանի հաղորդման մեջ նշված Է, որ Արտակ Գալստյանը փորձել է իրենից 6 հազար դոլար շորթել։ Կարեն Բաբակեխյանը հրաժարվեց շփվել մեզ հետ։ Հարցին, թե ինչու Է հաղորդում տվել, եթե չի ցանկանում բացահայտել հանցագործներին, նա պատասխանեց. «Դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Ես չեմ ցանկանում խմբագրությունների հետ առնչություն ունենալ»։ Մենք այլ հարցեր էլ էինք ուզում ուղղել Բաբակեխյանին, քանի որ նա նախկին ոստիկան է, իսկ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ կայքերի գործի քննությունը դուրս Է գալու ոստիկանության պաշտոնյաների վրա։ Համենայնդեպս, որոշ շրջանակում սպասում են, որ այս գործում ոստիկանական հետք Է ի հայտ գալու, ինչի մասին Աժ ամբիոնից խոսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: