Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստերին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել նիստերի օրակարգը:

Միության անդամ պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, գործընկերնե՛ր,

Կսկսեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված շնորհակալական խոսքերով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի կազմակերպման համար: ԵԱՏՄ-ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով: Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության և համաշխարհային տնտեսական համակարգին դրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մեր մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում: Այս կապակցությամբ կարևոր նշանակություն ենք տալիս 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացմանը և մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը: Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար: ԵԱՏՄ ձևաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում և բառացիորեն հաջորդ շաբաթ պայմանագիրը կվավերացվի:

Մենք նաև ողջունում ենք ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջիայի և Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը, այնպես ինչպես բոլոր համանման փաստաթղթերը, իսկ դրանք քսանից ավելին են, որոնք ստորագրվել են առանձին երկրների կառավարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Հայկական կողմն աջակցում է Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը: Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը:

Միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները: Հուսով եմ, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին, որի որպես վերջնական նպատակը մենք կցանկանայինք տեսնել մեր սերտ համագործակցության համար իրավական հիմքը:

Դրանով հանդերձ անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաև մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի և Հնդկաստանի հետ, ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով: Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաև կօգնի մեծացնել առևտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները: Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:

Հարգելի գործընկերներ,

Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից:

Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը:

Շնորհակալություն ուշադրության համար: