Վայոց ձորի Գոմք և Մարտիրոս համայքներում հունիսի 4-5-ը կայացավ Հայաստանում առաջին էկոփառատոնը, որը նպատակ ուներ բացահայտել Վայքից հարավ-արևելք 14-20 կմ հեռավորության վրա ընկած բնակավայրերը: Համայնքների բնակիչները փառատոնի շրջանակներում ստացել էին հնարավորություն կազմակերպված ցուցահանդես-վաճառքի միջոցով ներկայացնել սեփական գյուղատնտեսական արտադրանքը: Բնակիչների խոսքով` համայնքներում բավականին շատ են խնդիրները, և հատկապես շեշտեցին խանութների բացակայությունը, ինչի պատճառով ստիպված են լինում ամեն անգամ մեկնել Վայք` առևտուր անելու և առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու համար: Կազմակերպիչներն իրենց խոսքում նշեցին, որ փառատոնի շրջանակներում փորձ է արվում բարձրացնել բնակավայրերի ճանաչելիությունը և նպաստել զբոսաշրջային այցերի զարգացմանը: Էկոտուրիզմի փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նաև ձիարշավ, հեծանվային գավաթի մրցույթ, ժայռամագլցում, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում և մի շարք այլ միջոցառումներ: