«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը, որն արդեն 5 տարեկան է, մուտք է գործում քաղաքականություն և առաջիկա քայլերն անելու է «Համախմբում» կուսակցության հետ:

Այս կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը ողջունեց երիտասարդների որոշումը:

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողները, ովքեր երիտասարդական շարժման անդամներ են, վստահություն հայտնեցին, որ քաղաքական ուղղվածությունն իրենց չի խանգարի մասնակից լինել քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների:

««Համախմբումը» ոչ թե կուսակցություն է, այլ ժողովրդական շարժում, որը բաց է բոլորի համար և նպատակ է հետապնդում երկրում իրականացնել արմատական փոփոխություններ: Մեր նպատակը շատ պարզ է՝ լինել այլընտրանք այսօր իրեն սպառած իշխող քաղաքական ուժին: Այսօր դա ժողովրդի պահանջն է, երկրի առջև կանգնած գլխավոր հրամայականն է»,-ասաց Վարդան Օսկանյանը: