Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել դեպքերը, երբ որոշ ՃՈ մեքենաների կողմից տեսագրվում են թուլատրելի արագության գերազանցման խախտումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նմանօրինակ պատմության մեջ ընկել եմ նաև ինքս` մոտ 3 անգամ, նույն պետավտոտեսուչների կողմից, որն իհարկե մեծ հետաքրքրություն առաջացրեց ՃՈ մեքենաներում տեղադրված արագաչափերի աշխատանքի մեխանիզմի նկատմամբ:

Իսկրա 1 արագաչափերի տեխնիկական նկարագրության ձեռնարկի 15-րդ էջում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է հնարավոր կեղծել արագությունների գերազանցման փաստերը: Փաստորեն սարքի կարգավորումները փոխելով ստացիոնար ռեժիմ և շարժվելով ընթացող մեքենային հանդիպակաց ուղղությամբ, արագությունները գումարվում են: Մասնավորապես` եթե Դուք մայրուղիով շարժվում եք 90 կմ/ժ արագությամբ, իսկ ՃՈ մեքենան մտնելով շրջադարձի գոտի, շարժվում է Ձեզ հանդիպակաց ուղղությամբ 15 կմ/ժ արագությամբ, ապա սարքը Ձեր արագությունը ֆիքսելու է 105 կմ/ժ : Իհարկե սարքի վրա նկարելու ընթացքում ֆիքսվում է, որ սարքը ստացիոնար ռեժիմով է աշխատել(այլ ոչ թե դինամիկ), բայց վարորդների 99% տեղյակ չեն սարքի աշխատանքի մեխանիզմին: Այս եղանակով տեսագրված <<խախտումները>> իհարկե դատարան չեն հասնում, քանի որ փորձաքննության ժամանակ կեղծիքի բացահայտումը անխուսափելի է: Սակայն դա հիանալի մեթոդ է արագաչափի աշխատանքային մեխանիզմից բնականաբար անտեղյակ վարորդներից գումար պոկելու, կամ աշխատանքային օրական պլանը կատարելու համար:

Տղեք, մի արեք նման բան ու մի գցեք ամբողջ համակարգի անունը: Այդ համակարգում մենակ ձեր նմանները չեն, կան նաև շատ ու շատ բարեխիղճ ու օրինապահ մարդիկ: Ցավոք հանրության օբյեկտիվ կարծիքը համակարգի նկատմամբ ձևավորվում է ձեր նմանների արարքներից, իսկ բարեխիղճ աշխատողները մնում են ստվերում: Ճիշտ չի...

Նարեկ Նավասարդյան