Պոլսո պատրիարքարանը մեկնաբանություն է տարածել պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է. «Վերջերս, Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշման կապակցությամբ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Արամ արք. Աթեշյանի՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ, Վսեմաշուք Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղված նամակը հակազդեցություն էր առաջացրել։ Կրոնական ժողովը, քննարկելով սույն հակազդեցությունները, հանդես էր եկել զեկույցով, որում ասվում է. «Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռը, իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ և երկխոսական հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, նաև առավելագույն ջանք է ցուցաբերել՝ չանտեսելով երկրի հանրային կարծիքի զգայնությունները այն նյութերի հանդեպ, որոնք հետաքրքրում են երկրի համայն հանրությանը»։

Հայտարարության մեջ նշվել է, թե արք. Արամ Աթեշյանի նամակի բովանդակությունը 1915-ի հետ կապված համընկնում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի՝ նախկինում արած արտահայտությունների հետ։

Հայտարարության վերջում ներկայացվել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի նախկին հայտարարություններից օրինակները։

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը նախագահ Էրդողանին նամակ էր գրել, որտեղ անհանգստություն էր հայտնում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ կապված։