«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի զրուցակիցն է Թուրքիայի Անթալյա քաղաքում սեռական շահագործման՝ թրաֆիքինգի ենթարկված Նարինեն (անունը փոխված է), ով դեռևս 18 տարեկանում հասցրել է քաղել կյանքի դառը դասերը: Մեր հերոսուհուն սեռական շահագործման ենթարկած թրաֆիքյորներն արդեն իսկ դատապարտված են, նա դատարանի վճռով ճանաչվել է թրաֆիքինգի զոհ: Բայց դա չի մեղմում Անթալյայից մնացած դառնությունը, որը երբեմնի կենսուրախ, ժպտերես, փխրուն, ապագայի հանդեպ մեծ սպասումներով լցված աղջնակից գրեթե բան չթողեց: Համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում, երբ փորձում էր պատմել Թուրքիայում անցկացրած օրերի մասին, արցունքն աչքից անգամ մեկ վայրկյանով չդադարեց...

Ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքում, ունեին պարտքեր: «Օգնության ձեռք» է մեկնում հարևանուհին՝ Նարինեի մորն առաջարկելով մեկնել Թուրքիա՝ իր բարեկամուհիներից մեկի մոտ՝ աման լվացողի կամ տան աշխատակցուհու աշխատանք կատարելու:

«Նախապես պայմանավորվածության հիման վրա, ինձ պետք է ամսական վճարեին 300-500 դոլար, գոհային իմ ապրելու և ուտելու ծախսերը: Բացի ինձնից, նույն բնույթի աշխատանքի ակնկալիքով Թուրքիա էին մեկնում ևս մի քանի աղջիկներ: Բաթումում մեզ դիմավորեց հարևանուհուս բարեկամուհու թուրք ամուսինը, ով մեզ տարավ Անթալյա՝ իրենց տուն:

Առաջին օրը, կարծես, ամեն ինչ նորմալ էր, մեզ հետ շատ սիրալիր էին, բոլորիս ննջասենյակներում տեղավորեցին: Երեկոյան տանտերը մեզ ասաց, որ պետք է աշխատանքի գնանք: Բավական կոշտ տոնով կարգադրեց, որ արագ հագնվենք իրենց տված կարճ շրջազգեստները, նստենք մեքենան, թե բարի տերերը մեռան մեզ սպասելով:

Տարան ինչ-որ գիշերային ակումբի նման մի տեղ, որտեղ մեզ դիմավորեցին թուրք ամուսիններ: Նրանք մեզ միանգամից տեղեկացրին, որ հաճախորդներին պետք է սիրահետենք, որպեսզի նրանք լավ գումարներ տան իրենց՝ մեզ համար: Մենք արդեն հասկացանք, որ պետք է մարմնավաճառությամբ զբաղվենք:

Մեզ բերած թուրք տղամարդը բարձր տոնով ասաց, որ ձեններս կտրենք, տեսարաններ չսարքենք այստեղ: Սկսեց համոզել, որ տղամարդիկ մեզ կշոյեն, մենք ևս պետք է սիրահետենք թուրք հաճախորդներին, բայց ինտիմ հարաբերություն չի լինի, որովհետև դա այլ գին ունի և դրա համար այլ տեղ կա:

Ես սկսեցի արտասվել, ծնկի եկա թուրք ամուսինների առջև և խնդրեցի ինձ Հայաստան ուղարկեն, ասելով, որ ինձ խաբել են, և ես չեմ կարող աշխատել ու ապրել նման անբարո կյանքով: Սակայն ինձ լսող չեղավ:

Այդ պահին մոտեցավ մի թուրք տղամարդ ինձ ձեռքով կանչեց: Հրաժարվեցի մոտենալ, բայց ինձ բար բերած տղամարդն ասաց, որ եթե հանկարծ ժպիտը դեմքիս չմոտենամ, այլևս երբեք ծնողներիս երեսը չեմ տեսնի:

Ահավոր էր, հորս տարիքի տղամարդը ինձ համբուրում էր, կպնում մարմնիս ինտիմ մասերին: Ու այդպես մի հաճախորդից հետո հայտնվում էր մեկ ուրիշը:

Ու էդպես գրեթե երկու ամիս ամեն երեկո մինչև լուսաբաց ինձ տանում էին բար, որտեղ տարբեր տարիքի թուրք տղամարդիկ ինձ հետ զվարճանում ին, համբուրում ողջ մարմինս, որտեղ որ ցանկանային, և դա բոլորի ներկայությամբ: Ու երբ ցանկանում էին սեռական հարաբերություն ունենալ, տանում էին այլ հյուրանոց: Ինձ հետ, բարեբախտաբար, ոչ մի թուրք չի կենակցել, բայց արդեն դրան էլ էր հասնում»:

Նարինեն Հայաստան է վերադարձել մաքսակետից. Վիզայի ժամկետը երկարացնելու համար աղջիկներին տարել էին: Այստեղ Նարինեն կարողանում է մաքսակետի աշխատակցին հասկացնել, որ նրան Թուրքիայում բռնի են պահում ու շահագործում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: