Հունիսի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հիշեցնենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում օրերս նորածինը մահացել էր ծնվելուց մեկ օր անց: Երեխայի մայրը, Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի 18-ին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հաղորդում ներկայացնելով, որ բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր և բժշկի սխալ բուժման հետևանքով մահացել է: Ըստ ծննդկանի՝ բժիշկներն իրեն հավատացրել են, որ իր նորածին երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը փոքրիկը մահացել է։

«Արմենիա» բժշկական կենտրոնի նորածնային ախտաբանական լաբորատորիայում կատարվել է մահացած նորածին երեխայի ախտաբանա-անատոմիական քննություն:

«Երեխայի մոտ եղել է բնածին ներարգանդային ինֆեկցիա, երկկողմանի պնևմոնիա, պնևմոտորաքս, և արյան մեջ հայտնաբերվել է բնածին ինֆեկցիա՝ ստրեպտակոկ»,-Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Մեր հարցին, թե հղիության ընթացքում հնարավոր չէ՞ր բացահայտել երեխայի հիվանդությունը և բուժել այն, Աբրահամյանը պատասխանել էր. «Դա բնածին ներարգանդային պրոցես է, որն ախտորոշման ենթակա չէ: Եթե բուժելու հնարավորություն լիներ, բնական է՝ կբուժեին»: