ԱԻՆ-ի փոխանցմամբ հունիսի 30-ին, ժամը 13.48-ին, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 3-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով ևս 46 ՀՀ քաղաքացու:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշախատակիցները հունիսի 29-30-ը շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

Ինչպես նախորդ երկու, այնպես էլ 3-րդ չվերթի ընթացքում Հյուսիսային Օսիայից Երևան հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:

ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխման ողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես երեխաներին և հղի կանանց, որոնց տեղափոխել են առաջին հերթին:

ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանըն իր խոսքում նշեց, որ մշտական կապ է պահպանվում ռուս գործընկերների հետ, ամեն ինչ վերահսկողության տակ է և ընթանում է բնականոն հունով: Նա նաև շնորհակալություն հայտնեց Մինվոդիում բնակվող մեր հայրենակիցներից ցուցաբերած աջակցության համար: Երեք թռիչքի արդյունքում ժամանել է արդեն 142 ՀՀ քաղաքացի, իսկ 4-րդ վերթով նախատեսվում է տեղափոխել ևս 46 քաղաքացու:

Ժամանող քաղաքացիները իրենց երախտագիտության խոսքը հղեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ ցուցաբերած մեծ աջակցության և հոգածության համար, ինչպես նաև տեղի հայ համայնքին  մեծապես աջակցելու համար՝ թե սննդով, թե՛ օթևան տրամադրելով: 

Թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին: