Գործադիր մարմնի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ներկայացրել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում. «Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի, Աղվերանի, Արզնիի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»:

Զաքարյանն ասաց, որ Ծաղկաձորում ՎՊ-ն ուսումնասիրել է 21 հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերել 128 միլիոն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ ու հյուրանոցներ և հայտնաբերվել է 62 միլիոն 432 հազար դրամի խախտում, Դիլիջանում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն ու հյուրանոց և հայտնաբերվել է 44 միլիոնի խախտում:

ՎՊ նախագահն ասաց, որ հանգստի կազմակերպման գործում ներգրավված են եղել 69 զբոսաշրջային օպերատորներ,սակայն ՎՊ-ն դեռևս ուսումնասիրություններ է իրականացրել 7 ընկերություններում, ինչից ակնհայտ է դարձել, որ որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարել իրենց պարտավորությունները, ավելին՝ սոցիալական փաթեթով հանգիստը կազմակերպել են այնպիսի ընկերություններ, որոնք դրա լիազորությունները չեն ունեցել:

Իշխան Զաքարյանը կառավարությանն առաջարկեց լրամշակել սոցիալական փաթեթի՝ հանգստին վերաբերող դրույթը:

Զաքարյանն ասաց, որ քանի դեռ ուսումնասիրությունները շարունակվում են սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը կկասեցվի, ինչպես արդեն կառավարության նախորդ նիստում հայտարարվել էր: