Հոյակապ պաշտոն է մարդ լինել աշխարհում: Ես չգիտեմ ոչ մի գրքային ճշմարտություն, որ ինձ համար ավելի թանկ լիներ մարդուց: Մարդը տիեզերքն է, և հավիտյանս կեցցե նա, որ իր մեջ կրում է բովանդակ աշխարհը: Կյանքի բոլոր ծանր պահերին, նրա բոլոր դժվար րոպեներին իմ սիրտը միշտ երգել է մեկ հիմն. «Կեցցե մարդը»: Մարդու կատարելագործման մեջ է կյանքի իմաստը: Մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չենք սովորի զմայլվել մարդով` որպես մեր մոլորակի ամենագեղեցիկ ու հրաշալի երևույթի, մինչև այդ ժամանակը մենք չենք ազատագրվի մեր կյանքի նողկալիությունից ու կեղծիքից: Հարգեք միմյանց` չմոռանալով, որ յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված է կառուցողի իմաստուն ուժը և որ հարկավոր է նրան տալ զարգանալու և բարգավաճելու ազատություն: Մարդուն փաղաքշելն ու գովաբանելը երբեք վնասակար չէ: Դա բարձրացնում է նրա հարգանքն իր նկատմամբ, նպաստում է իր ստեղծագործական ուժերի հանդեպ վստահության խթանմանը: Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա «խոզ է», ապա նա ի վերջո իրոք կխռնչա:

Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորին, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ` գումարած էլի ինչ-որ բան: Հարկավոր է ապրել անմատչելի որևէ բանի մշտապես սիրահարված: Մարդը բարձրահասակ է դառնում այն բանից, որ ձգտում է վեր: Կյանքն ամենից ավելի կատարյալ ու հետաքրքիր է այն ժամանակ, երբ մարդը պայքարում է նրա դեմ, ինչը իրեն խանգարում է ապրել: Կյանքն առաջ է շարժվում: Ով նրա ետևից չի հասնում` մնում է միայնակ:

Մաքսիմ Գորկի

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը: