Հուլիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի ամբողջ տարածքում՝ մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը:

Գործակցության ընթացքում կողմերը կաջակցեն ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք նախաձեռնություններին: Ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Նման խոշոր խնդրի լուծման համար անհրաժեշտ են գործընկերություններ և համագործակցություն: Տարիներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ-ը սերտորեն գործակցել է ՀՀ կառավարության ու մյուս գործընկերների հետ Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործման ու երաշխավորման համակարգված մոտեցումների շուրջ: Կառավարությունն արձագանքել է մի շարք ձևերով, մասնավորապես՝ թույլատրելի ձկնաբուծական տնտեսությունների քանակի կրճատմամբ և անօրինական ու լքված ջրհորների փակմամբ: Սրանք լավ քայլեր են, սրանք անհրաժեշտ քայլեր են, սակայն ավելին պետք է արվի, ու այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև ձևավորվող այս դաշինքի շնորհիվ կարվի ավելին», - ասաց դեսպան Միլսը:

Ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման է թողել Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնք: 2016-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության համատեղ ուժերով կվերակառուցվի Հայանիստ համայնքի ոռոգման համակարգը՝ վերականգնելով ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը: Հաջորդ փուլում 20 ձկնաբուծարանում վերահսկման և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգեր կտեղադրվեն, ծրագրի շրջանակում էլ կընդգրկվի ստորգետնյա ջրային ռեսուրսների պակաս ունեցող ավելի մեծ տարածք:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծել է հուշագրի կարևորությունն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող դրական ազդեցությունը: «Ջրային ռեսուրսների կառավարումն ու համայնքային զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերութան կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հիմնական ուղղություններից են: Ուստի մեր ընկերությունը շատ է արժևորում այս հուշագրի և մասնավորապես ոռոգման այս ծրագրի իրականացումը, քանի որ այն միտված է ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ օգտագործմանն ու միաժամանակ կնպաստի Հայանիստի և Արարատյան դաշտի այլ համայնքների կայուն զարգացմանը»,- նշել է Այուպովան:

Բարձր գնահատելով ԱՄՆ ՄԶԳ ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման հարցում՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մասնավորապես նշել է. «Իրականացվող ծրագիրը համահունչ է Հայաստանի որդեգրած քաղաքականությանը: Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ռեսուրսների համալիր պահպանության նպատակով էապես կնպաստի Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման և այն կայուն մակարդակի հասցնելու մեր ջանքերին»:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կողմերը նաև համատեղ ջանքերով կկազմակերպեն ջրային ռեսուրսների կառավարման հեքեթոն՝ Water Ideathon, խնդիրը հանրության լայն շրջանակում քննարկելու և Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերները հաղթահարելուն նպաստող նոր գաղափարներ հավաքագրելու նպատակով: