«Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է հոգևոր ծառայություն մատուցի իր հոտին։ Վերջերս Հռոմի Պապի այցը Հայաստան մեծ դեր խաղաց ժողովրդի համար՝ հոգատարության, կարեկցության և սիրո մթնոլորտ առաջացնելով։ Հիմա էլ պետք է մեր հոգևոր առաջնորդը լինի իր դիրքում, այլ ոչ թե տեր-տեր ուղարկի»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ Նա Գարեգին Երկրորդին կոչ արեց գնալ պատանդների մոտ և լուծում տալ այս հարցին։

«Էս ամենի լուծման բանալին գտնվում է Էջմիածնի ձեռքում»,- ասաց նա։

Ս.Հացպանյանն ավելացրեց, որ կարողիկոսին կարող է միանալ նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և տա երկխոսության երաշխիքներ։

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն էլ ամենի մեջ տեսնում է լույսի 3 կետ՝ Հռոմի Պապի այցը Հայաստան, քառօրյա պատերազմում մեր տղաների սխրանքները և իհարկե ազնիվ տղաների ընդվզումը։ Նշեց, որ կատարվող իրադարձությունները ցույց են տալիս ժողովրդի մեջ եղած՝ ազնիվ ապրելու գենետիկական կոդը։ Դա էլ օգտագործելով ստեղծենք մեր ուզած երկրը։