Մեր պետության համար դժվարին այս օրերին, երբ խաղաղությունն ու զսպվածությունը չափազանց կարևոր են, հայկական բանակի սպաներն ու զինվորները շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել մարտական դիրքերում` ապահովելով հայրենիքի սահմանների անառիկությունն ու պահպանելով Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը:

«Պահեստազորի սպաների համահայկական միությունը» դատապարտում է հայ զինվորի ու սպայի անունն օգտագործելու, դիրքապահ զինծառայողների անունից ինչ-ինչ լուրեր տարածելու, զինվորների որդիական զգացմունքների հետ խաղալու ցանկացած երևույթ և ոտնձգություն: Երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին մի՛ փորձեք ներգրավել սահմանապահ զինվորին, ով առանց այդ էլ չափազանց պատասխանատու առաքելություն է կատարում և լարված պայմաններում պատվով ու վստահորեն իրականացնում իրեն առաջադրված բոլոր մարտական խնդիրները:

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար նաև չափազանց կարևոր է, որ լրագրողները դրսևորեն զգուշավորություն և գիտակցեն, որ ցանկացած նյութ, որն առնչվում է բանակին, կարող է բացասաբար ազդել զինծառայողների հոգեբարոյական վիճակի վրա և, ինչու ոչ, օգտագործվել հակառակորդի կողմից, ինչը և հաճախ արվում է:
Կոչ ենք անում զերծ մնալ զինվորների որդիական զգացմունքների հետ խաղալու փորձերից:

Հայ զինվորն ու սպան մեր ողջ ազգի պարծանքն են և Հայոց աշխարհի խաղաղության ու անվտանգության ապահովման գրավականը:

«Պահեստազորի սպաների համահայկական միություն» Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=8619&l=am