Որքան ինձ հիշում եմ՝ դուռը միշտ բաց է եղել: Այն բացել են իմ ծնվելու հետ, էդպես եմ ենթադրում: Երբևէ փակ չեմ տեսել: Էս բոլոր տարիների ընթացքում ազատ ներսուդուրս եմ արել գրեթե ուշադրություն չդրաձնելով նրա գոյությանը՝ չէ՞ որ երկինքը նկատում ես, երբ անձրև է տեղում, արևը՝ երբ շողերը տարածած մայր է մտնում, կանանց՝ երբ չնկատել չի լինի...

Նույն կերպ էլ Դուռը: Դուռ է էլի, մանավանդ որ՝ ոչ անձրև է տեղում նրա վերից, ոչ մայր է մտնոմ, ոչ էլ խելքահան է անում էն կանանց նման, ովքեր մի հայացքով փախցնում են հոգիդ ու հետո այն հետ բերելը դառնում է կյանքի հրամայական:
Դուռը միշտ նույնն է, միշտ իր տեղում: Նրանից էն կողմ Աշխարհն է՝ ծովի պես խայտաբղետ երանգներով, մեղմ, ծանոթ հոտերով ու բույրերով, թռչունների ծլվլոցով, մարդկանց ու արարքների անգիր արած բազմազանությամբ...Աշխարհը:

Իսկ Դռնից այս կողմ՝ ես եմ: Ես ինձ լավ եմ զգում ինձ հետ, գիտեմ իմ մեջ ամեն անկյուն, ամեն ճեղք ու ծակ, էստեղ, իմ մեջ՝ հանգիստ է, ապահով ու ձանձրալի: Բայց իմն է: Էլ ի՞նչ է պետք ինձ՝ Դուռը կա, Աշխարհը կա, ես էլ ուզածս պահին կարող եմ վերադառնալ իմ մեջ ու խորհել, վերլուծել, վերհիշել Աշխարհի հերթական անցուդարձը: Նույն անցուդարձը: Բայց լավից լավը չեն փնտրում:

Այնինչ Դուռը վերջերս ինձ զարմացրեց, շա՜տ զարմացրեց: Ես փաստորեն զգացի նրա գոյությունը: Առաջին անգամ: Հիմա չեմ հիշի՝ ներս էի մտնում, թե դուրս էի գալիս, բայց անսպասելիորեն զգացի, որ դուռը կա: Որովհետև քսվեց ինձ: Կամ էլ ես իրեն քսվեցի՝ չգիտեմ, դա չի էականը: Բայց ախր նախկինում նման բան երբևէ չէր եղել... Իսկ հիմա եղավ:

Նայեցի Դռանը, շա՜տ ուշադիր նայեցի, էնքան, որ ուղեղս լարումից ցավեց: Ու հասկացա, որ էս տարիների ընթացքում մի քիչ փակվել է: Գուցե աննշան, բայց փակվել է: Այսինքն՝ Դուռը փակվում է, Փակվող Դուռ է: Ու՞մ մտքով կանցներ...Ճիշտ է՝ հիմա էլ եմ նրանով ներսուդուրս անում, գնում-գալիս եմ Աշխարհ իմ զանազան գործերով, մոռանում եմ հաճախ, թե որտեղ եմ, երբ եմ վերադառնում, բայց ամեն անգամ իմ մեջ մտնելիս քսվում եմ Դռանը, առաջվա պես ազատ անցնել չի լինում:

Դռան պատճառով սկսել եմ Աշխարհին էլ ուշադրություն դարձնել, ուրիշ աչքերով եմ նայում: Ու որ անկեղծ խոստովանեմ՝ Աշխարհն էլ է փոխվել դու մի ասա, նա էլ առաջվանը չի՝ թռչունների ծլվլոցն իմ լսածից տարբեր է, մարդիկ սկսել են այլ լեզվով խոսել, քամին, ծանոթ քամին, բերկրանք ու երջանիկ անգիտություն բերող մանկության, պատանեկության խենթ քամին ուրիշ կողմից է փչում: ԵՎ՝ ուրիշ կողմ: Փնտրում եմ իմացածս մարդկանց, սակայն հաճախ չեմ գտնում, գույները, բույրերը, ձայները՝ բոլորը խառնվել են, միաձուլվել, չեմ հասկանում որը որն է, ով՝ ով: Ես գիտեմ, որ դա էլ է կարգուկանոն: Բայց ուրիշ, անծանոթ կարգուկանոն է: Ամբողջ հոգով փորձում եմ գլուխ հանել, բայց մինչև մի բան հասկանում եմ՝ հետևից տասը նորն է գալիս:

...Մի օր Դուռը փակվելու է, հաստատ: Ես էլ առավել քան հաստատ գիտեմ, որ էդ օրը լինելու եմ իմ մեջ, ոչ թե Աշխարհում: Բաներ կան, որ ամենաանզգամն էլ անսխալ կզգա: Ով որ Դուռը բացել է՝ նա էլ կփակի, գուցե աղմուկով, գուցե՝ հանգիստ, դա իմ իմանալու բանը չի: Բայց Դուռը կփակվի, ճիշտ ու ճիշտ բոլոր մյուս դռների նման: 

Մի տեսակ տխուր-զվարճալի է, բանից պարզվում է՝ ոչինչ հարատև ու հավերժ չի, ոչ մի բան ու ոչ ոք: Առանց բացառության:

Սակայն առայժմ դժվար է դա ընդունելը: Մանավանդ որ՝ Դուռը դեռ բաց է:

Հեղինակ՝ Քրիստ Մանարյան