ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում իրազեկում է ներկայացրել սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, համաձայն որի` հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է:

«Սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն:

Փոփոխությունների արդյունքում աննախադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժամկետի ավարտին կա ամիսներ և նույնիսկ տարիներ:

Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել ևս, մինչև 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա»,-գրել է Մնացական Բիչախչյանը: