Ամեն իրականություն ունի իր լուծումը: Իրականությունը վերափոխել կարողանալու համար հարկավոր է կարողանալ ճանաչել այդ իրականությունը, պարզել այն որոշող երևույթները:

Մեր քաղաքական պատմության մեջ հարյուր տարվա ընթացքում իրականությունը ճանաչել կարողացել է միմիայն մի մարդ՝ Նժդեհը: Եվ ինքն էլ ուրվագծել է մեր իրականությունը վերափոխելու ուղին:

Ինքս, ցանկանալով հասկանալ, թե ինչու են տեղի ունենում անցանկալի երևույթներ մեզանում, ինքս ինձ հարցեր տալով ու պատասխանները որոնելով՝ տարիներ առաջ ետ գնացի մեր պատմության վրայով ու ,,հանդիպեցի,, Նժդեհին՝ իրականությունը փոխելու իր առաջարկած համակարգով հանդերձ:

Հիմք ընդունելով դա, հաշվարկեցի հետագա տասնամյակների, ինչպես նաև տնտեսակարգի փոփոխության բացասական ազդեցությունները ևս մեր իրականության վրա: Ապա որոնեցի ու գտա համաշխարհային պատմության մեջ ազգային վերափոխման մի քանի հաջողված, ոչ ստանդարտ փորձեր, դուրս գրեցի նրանց կիրառած քայլերի համակարգերը: Եվ այդ ամենն ամփոփելով՝ 2007-ին հրատարակեցի ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ վերնագրով գրքի տեսքով:

Ես տևական ժամանակ հետևում եմ ներքին քաղաքականությանն առնչվող գրեթե բոլոր ելույթներին, առաջարկներին, համադրում եմ դրանք Նժդեհի պարզած, իմ կողմից համալրված, իրականությունը որոշող պատճառների հետ, և պնդել եմ ու պնդում եմ՝ չկա որևէ կուսակցություն, որևէ նախաձեռնություն, որն ամբողջությամբ ճանաչում է իրականությունը որոշող խորքային երևույթները և ունի դրանք հաղթահարելու բանալին: Ես չեմ ուզում կասկածել որևէ կուսակցության, նախաձեռնության սրտացավությանը, սակայն նրանցից և ոչ մեկը չի հաջողելու նշածս պատճառով: Ինչպես որ չեն հաջողել մինչ այժմ:

Եթե դուք ուզում եք ևս քսանհինգ տարի անարդյունք պայքար-պայքար, հեղափոխություն-հեղափոխություն գոչել՝ ակամա նպաստելով պետության քայքայմանը, ապա դա ձեր իրավունքն է: Իսկ եթե ուզում եք հաղթահարվի այս քաոսը և ունենանք հպարտանալու արժանի պետություն, ապա համացանցում որոնեք վերոնշալ գիրքը և հետո խորհրդակցենք ելքի դետալների շուրջ:

Կամ էլ ներկայացրեք իրավիճակի վերափոխման քայլերի իրատեսական այլ համակարգ՝ քննարկենք:

ՀԳ. Ես կուսակցական չեմ և թաքուն հույսեր չունեմ ձեզ անդամագրել կամ համակիր դարձնել:

Ես ընտրությունների չեմ մասնակցում և ձեր քվեի կարիքը չեմ զգում:
Ես մտահոգ հայ եմ և որոնում եմ այլ մտահոգ հայերի՝ միասնաբար երկիրը կարգի բերելու համար:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից: