Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Սակայն, ըստ Գրիգորյանի, նա չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և ինչպես հայտնի է դարձել, նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ, որի մասին նրան տեղեկացրել են ռուս սահմանապահները։

«Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։

Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։

Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը։ Նույն օրը ես արտաքսվել եմ Հայաստան, թեև, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նույնիսկ Ռուսաստանի Միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում ես ներկայումս ևս իրավունք ունեմ մուտք գործել այդ երկիր»,-հայտարարել է Ստեփան Գրիգորյանը։

Ստեփան Գրիգորյանը իր նկատմամբ ցուցաբերված անօրինականության վերաբերյալ իր բողոքն է հայտնում, տեղեկացնելով, որ միջադեպի նույն օրը դիմել է ՀՀ ԱԳՆ իր իրավունքների պաշտպանության համար։ Իր հայտարարությունում Ստեփան Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԱԳՆ-ի պատասխանին կսպասի ևս մի քանի օր, որից հետո կձեռնարկի սեփական քայլերն իր իրավունքները պաշտպանելու համար։