Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, վենդետա-դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 38-ամյա Վանիկ Սարգսյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամասում գտնվող Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանի մոտից: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վ. Սարգսյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 53 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանը, ում ոստիկաններն ու քննիչերը կարճ ժամանակում կարողացել են հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին: Այս պահին Վ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցի վիրահատարանում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Սարգսյանը այն ստահակն է, ով այս տարվա հուլիսի 4-ին ոչ սթափ (խմած) վիճակում վրաերթի էր ենթարկել Գ. Խամփերյանի երեխային ՝ 7 տարեկան Արմեն Խամփերյանին, ով տեղում մահացել էր: Վ. Սարգսյանին այն ժամանակ կարողացել էին հաշվեհարդարից փրկել Հրազդանի ոստիկաններն ու քննիչները, որից հետո մարզի վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ նույն պահին հարուցվել էր քրեական գործ, իսկ հետո արդեն քննիչը միջնորդել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ:

Դատարանը բավարարել էր և նա կալանավորվել էր: Հուլիսի 28-ին խմած վարորդի փաստաբանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որպեսզի դատարանը ազատ արձակի ճիվաղին, ինչը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից բավարավել էր և նա ազատ էր արձակվել: Այդ մասին իմանալով ողջ Հրազդանը շոկի մեջ էր հայտնվել՝ դատապարտելով դատարանի անարդարացի որոշումը և մարդիկ ասում էին. «Էլ ինչ արդարության մասին կարող է խոսք լինել, երբ նման որոշում է կայացվում: Այդ դեպքում մարդիկ առաջնորդվելու են ինքնադատաստանի սկզբունքով, ինչը տեղի ունեցավ այսօր»:

Shamshyan.com-ի հետ զրուցում հրազդանցիների մեծ մասը այսօրվա տեղի ունեցածի համար մեղադրում էին վերաքննիչ դատարանին, ասելով՝ «Հրազդանի ոստիկաններն ու մարզի քննիչները գործեցին օպերատիվ և պրոֆեսիոնալ ու տականքը կանալավորվեց, իսկ վերաքննիչը՝ զարմացանք, որ նրան ազատ արձակեց»: Նույնիսկ խոսում էին, որ երեխայի հարազատները պատրաստ են եղել հաշվեհարդար տեսնել նաև դատավորի նկատմամբ ու եթե այդ տեղեկությունները հավաստի է, ստացվում է՝ Հրազդանի ոստիկաններն ու Կոտայքի մարզի քնիչները այս անգամ էլ փրկեցին դատավորին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի և ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 հոդվածի ( սպանության փորձ) հատկանիշով: Գ. Խամփերյանը ձերբակալվել է: