Առաջին դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են պաշտոնատար անձինք թաքցնում իրենց եկամուտները: Որոշ դեպքերում դրանք հայտարարագրվում են ոչ լիարժեք, իսկ որոշ դեպքերում տվյալները առհասարակ բացակայում են:

Այս անգամ իրեն «վերին արտի ցորենի» տեղն է դրել երգչուհի, ազատ ժամանակ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Էթիկայի հանձնաժողովի հետ համագործակցությունը տիկնոջ մոտ կարծես թե այդքան էլ չի ստացվում: Իր պատգամավորության տարիներին նա չի ներկայացրել ունեցվածքի և եկամուտների մեկ տարվա հայտարարագիր: Այժմ արդեն, ՀՀԿ պատգամավորը հրաժարվել է հայտարարագրել նախորդ տարվա իր ֆինանսական միջոցները: և թերթիկում առկա գրեթե բոլոր տողերում նշել է «տվյալներ չկա» բառակապակցությունը:

Եթե այս երևույթը լիներ որևէ այլ երկրում, ապա վստահ եմ, որ Ազգային ժողովի երեսփոխանը կենթարկվեր հանրային լուրջ պարսավանքի, իսկ իր անպատասխանատու քայլը որոշակի ուշադրություն կգրավեր համապատասխան գերատեսչությունների մոտ:

Ցանկացած պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովուրդը իր «գործատուն է», այլ ոչ թե հակառակը, իսկ պետական պաշտոնները դա միայն օրենսգրքով ամրագրված պարտավորություններ են, որոնք պետք է պարտադիր կատարել:

Ալիսա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: