Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանք, ուր տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև զինվորներ և Վանք գյուղի բնակիչներ։

Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվել է աղոթք, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարիգալստյան խոսքով ողջունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը բացառիկ և պատմական իրադարձություն է նկատել այն, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվում է Արցախ աշխարհում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և Գանձասարի վանքում՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն այդ բարձր պատվին արժանացնելու համար։

«Եկել եք զորակից դառնալու և գոտեպնդելու ձեր հոգևոր հոտին՝ ձեր զավակներին և զին վորականներին, որպեսզի անսասան պահեն մեր սահմանն ու խաղաղությունը», - ասել է Արցախի թեմի առաջնորդը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Արցախ այցելելու հնարավորության համար։