Նորանշանակ վարչապետներից մեկը հրավիրեց առանձնազրույցի: Խնդրեց քաղաքական դաշտի իրական պատկերը ներկայացնել: Սպիտակ թուղթ խնդրեցի, կենտրոնում մի փոքր շրջանագիծ գծեցի:

- Սա Դուք եք,- ասացի:

Հետո ավելի մեծ շրջանագիծ գծեցի, այնպես, որ փոքրը լիներ մեծի կենտրոնում:

- Սա քաղաքական դաշտն է,- ասացի:

Հետո մեծ շրջանագծի վրա երկար մի ուղղանկյուն պատկերեցի:

- Սա մեծահարուստներն են,- ասացի;- Եթե փորձեք թեկուզ Ձեր անունի համար բարեփոխումներ անել, ապա կպնելու եք նրանց շահերին ու նրանք բացահայտ կամ անբացահայտ պայքարելու են Ձեր դեմ:

Ու այդ ուղղանկյունուց մի հարվածային սլաք տարա դեպի կենտրոն:

Մեկ այլ, շատ ավելի երկարուն ուղղանկյուն գծեցի մեծ շրջանագծի վրա:

- Սա ընդդիմությունն է ՝ իր տարատեսակներով: Եթե դուք բարեփոխումներ անեք, ապա իշխանությունների վարկանիշը կբարձրանա, իսկ դա մահացու է ընդդիմության համար, և նրանք բացահայտ և անբացահայտ պայքարելու են Ձեր դեմ:

ԵՎս մի ուղղանկյուն գծեցի:

- Սա Ձեր նախորդն է, ով հասկանալի պատճառներով ձգտելու է հասնել այն բանին, որ Դուք ձախողեք:

Եվս մի շրջանակ:

- Սա իշխանական համակարգն է: Այստեղ կան թաքնված դժգոհություններ, թե ինչու հենց Դուք նշանակվեցիք, կա իներտություն, ճահճասիրություն, որոնք սաբոդաժի լավ հիմքեր են:

Էլի մի քանի փոքր ուղղանկյուններ գծեցի ու սլաքներ ուղղեցի դեպի կենտրոն:
Շրջանը փակվեց:

- Ահա, - ասացի,- սա է վիճակը՝ բոլորը Ձեր ձախողումն են ուզում:

Տրտում նայեց գծագրին:

-Իմ հույսը մնում է երկրի նախագահը,- ասաց:

Ես բազմանշանակ նայեցի նրա աչքերի մեջ ու ոչինչ չասացի:

Պեպանյան Արծրունի ֆեյսբուքյան էջից: