Լրատվական Ռադիոյի <<Սա Հայաստանն է և վերջ>> հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանը 2016թ. սեպտեմբերի 5-ի հերթական հաղորդման ժամանակ մերկապարանոց զրպարտանք է կատարում առ այն, որ Սասնա Ծռերի գործողությունը եղել է դրսից կազմակերպված, հռետորական հարց է ուղղում, թե ով է նրանց ետևում կանգնած, պնդում է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու <<Սասնա Ծռերը>> ենթարկվում են մանիպուլյացիայի ինչ որ մութ ուժերի կողմից, և դրա ապացույցն իբր այն է, որ <<Սասնա Ծռերը>> իրենց գործողության առաջին իսկ օրվանից՝ հուլիսի 17-ից չեն բարձրացրել ամենաանկյունաքարային՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու խնդիրը, որից հետո Ժիրայր Սեֆիլյանը, հուլիսի 31-ի իր նամակում ներկայացրել է այդ պահանջը, մինչդեռ օգոստոսի 6-ի իր հայտարարությամբ նույն Սեֆիլյանը վերստին ստվերել է այն:
Այս մտացածին պնդումները կարող էին անտեղյակության արդյունք լինել, եթե նրանց հեղինակը լիներ զարգացումներին ուշադիր չհետևող որևիցէ անձ, ինչը չի կարող վերաբերել Կարեն Վարդանյանին:

Անհերքելի է, որ <<Սասնա Ծռեր>> խմբավորման անդամների մեծամասնությունը Հիմնադիր խորհրդարան ազգային նախաձեռնության անդամներ են, և հետևաբար, հավատարիմ են այդ շարժման սկզբունքերին և մոտեցումներին: Դեռևս 2012թվականից սկսած՝ Նախախորհրդարանի, և ապա Հիմնադիր խորհրդարանի մշակած <<Նոր Որակի Հայկական Պետության Ձևավորման և Զարգացման Ռազմավարական Հայեցակարգի>> Արցախին վերաբերող հիմնական դրույթը պնդում է, <<Հայության կենսական շահերն ու իրավունքներն ապահովելու միակ տարբերակը մնում է Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը և երկու երկրներում միավորման հանրաքվեի անցկացմամբ հիմնախնդրի վերջնական ու անշրջելի լուծումը>>:

<<Սասնա Ծռեր>>-ի հուլիսի 17-ի գործողության մեկնարկը ազդարարող հայտարարության մեջ ասված է. <<Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը>>:

Արցախի՝ Հայաստանին վերամիավորման պահանջը հանդիսանում է Ժողովրդի վստահության կառավարության գլխավոր գործառույթներից մեկը:

Հուլիսի 31-ի իր հայտարարությունում Ժիրայր Սեֆիլյանն ասում է, <<Ներքևում Նշված պահանջների բավարարման կամ նրանց բավարարմանն ուղղված քայլերի նպատակով, անհրաժեշտ է լինելու կազմել Ժողովրդի վստահության կառավարություն, որին պետք է օր առաջ ձեռնամուխ լինել: Այն զբաղվելու է հիմնականում հետևյալ քայլերի անխոչնդոտ իրականացման ուղղությամբ>>: Եվ որպես առաջին պահանջ հիշատակվում է Արցախը հետևյալ բանաձևումով, << Այս գերխնդրում հիմնական գիծն այն է, որ պետական ամբողջ գործունեության նպատակն է Արցախն իր մինչ 2016թ.-ի ապրիլի 1-ն ունեցած սահմաններով Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս հայտարարելը եւ դրա միջազգային իրավական ամրագրումներին հասնելը: Սա այն ընդունելի շեմն է, որը չի կարելի նվազեցնել>>: Ակնհայտ է, որ Արցախի՝ Հայաստանին վերամիավորումը հանդիսանում է Վստահության կառավարության գործառույթներից մեկը:
Ժիրայր Սեֆիլյանը օգոստոսի 6-ի իր հայտարարությունում համարում է, որ քաղաքական պահանջների իրականացումը պետք է լինի հետևյալ տրամաբանական հերթականությամբ.

<<Ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատում, Վստահության կառավարության ձևավորում՝ հակաճգնաժամային և անցումային փուլի ծրագրով օժտված, Սերժ Սարգսյանի հեռացում և արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ>>: Միայն տեսնել չկամեցողը կարող է պնդել, որ ըստ հուլիսի 31-ի հայտարարության, Վստահության կառավարությունը ունի Արցախը Հայաստանին միացնելու գործառույթ, իսկ ըստ օգոստոսի 6-ի հայտարարության՝ նման գործառույթ չունի:

Օգոստոսի 11-ին հրապարակված <<Պարզաբանումներ...>> վերնագրով հայտնի նամակում <<Սասնա Ծռեր>>-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանը գրում է <<Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի և գործի՝ հեռանկարում առնվազն ունենալով Կուր-Արաքսյան Հայաստանի տեսլականը>>:

Այսքան ակնհայտ փաստերը չտեսնելու տալն ու մերկապարանոց զրպարտանքներով հանդես գալը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից: