ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23։30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։