Այսօր Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ չորս նախարարներին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին:

«Ֆինանսների նախարար պարոն Արամյանը հայտնի է ֆինանսական աշխարհում, երևի նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա իր առաջ դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեք նախարարները նույնպես իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Այնուհետև, Կարեն Կարապետյանն անմիջապես հանձնարարական տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարարին, ասելով, որ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ինչպես այս պահին առկա է Աղավնաձոր համայնքում և պետք է խաղողի գնման գործընթաց կազմակերպել:

«Ինձ թվում է՝ մենք ունենք ժանգոտած կառավարման համակարգ, ինչի մասին կխոսենք»,-եզրափակեց վարչապետը: