Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն և արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովի կազմակերպիչն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն է՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ԼՂՀ Ազգային ժողովի, Կրթության, գիտության և սպորտի նախարարության և Արցախի պետական համալսարանի աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցել են հեղինակավոր գիտնականներ Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Հայաստանից, Արցախից և այլ երկրներից։

«Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված սույն միջազգային երիտասարդական գիտաժողովը նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ ցույց տալ, որ Արցախի Հանրապետությունը ոչ թե հակամարտության գոտի է, ինչպես պատկերացնում են ոմանք, այլ առաջին հերթին ժողովրդավարական ու իրավական պետություն` դինամիկ զարգացող պետականությամբ և Հայրենիք, որի այսօրվա համար հազարավոր հայորդիներ են մարտիրոսվել», – իր բացման խոսքում նշել է գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը։

Ընդ որում նա ընդգծել է, որ «անցած քառորդ դարն ապացուցեց, որ ազատ ու անկախ ապրելու ժողովրդի պահանջը բխում է մարդկային բանականությունից ու միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից և այլընտրանք չունի»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ այդ նախաձեռնությունը որակելով որպես լավ հնարավորություն Արցախյան հիմնախնդիրն ավելի խորն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու համար:

«Գիտական քննարկումները՝ կապված մեր անկախ պետության կազմավորման պատմության և իրավական հիմքերի անթերիության, նրա անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև այն բարդ ու դժվարին հարցերի հետ, որոնք մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել այս բոլոր տարիների ընթացքում, հանդիսանում են այն կարևոր փորձը և նյութերը, որոնք պետք է լինեն ինչպես մեր հանրապետության ստեղծման պատճառների, այնպես էլ նրա կենսագործունեության գիտական ընկալման հիմքում», – ընդգծել է երկրի ղեկավարը:

Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է․«Ուղիղ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախ ժամանած հարյուրավոր մեր հայրենակիցների և տարբեր երկրների մեր բարեկամների մասնակցությամբ հանդիսավորությամբ նշեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: Ամփոփելու շատ բան կա, բայց առանցքային եզրակացությունն այսպիսինն է. հայկական երկրորդ հանրապետությունը՝ ազատ ինքնիշխան Արցախը, հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա մեծագույն ձեռքբերումն է ու հպարտությունը: Շնորհիվ բացառիկ ինքնակազմակերպվածության, Հայաստանի և Սփյուռքի՝ համայն հայության աջակցության՝ մեզ հաջողվում է հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որին առերեսվում է մեր երիտասարդ պետությունը»։

Լիագումար նիստին հանդես եկան Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, ի․գ․դ․ Օտտո Լուխտերհանդտը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ամբիոնի վարիչ, փ․գ․դ․ Ալեքսանդր Մանասյանը, Պոզնանի Անվտանգության բարձրագույն դպրոցի ամբիոնի վարիչ, ք.գ.թ. Զբիգնև Շմուրլոն, Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, ք.գ.դ. Սերգեյ Մինասյանը։

Իր «Ադրբեջանի «բլիցկրիգը» Արցախի դեմ և միջազգային իրավունքը» թեմայով զեկույցում Օտտո Լուխտերհանդտը մասնավորապես նշել է. «Ապրիլյան ռազմական էսկալացիան հայ ժողովրդի համար ամենածանր և վտանգավոր մարտահրավերը դարձավ 1994 թվականի զինադադարից ի վեր։ Այն ադրբեջանական ագրեսիայի ակտն էր ընդդեմ Ղարաբաղի ժողովրդի, որն ուղեկցել էր միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտմամբ, և այդ ամենի պատասխանատվությունը կրում է Բաքվի քաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ ԼՂՀ քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության տեղի է ունեցել միջազգային հանրության անտարբերության ֆոնին։ Այդուհանդերձ, Արցախի ժողովրդին հաջողվել է դիմակայել և հաղթել»։

Գերմանացի պրոֆեսորը նաև նկատել է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները տարածվում են միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների վրա, անկախ նրանց ճանաչվածության կարգավիճակից։

«Չնայած միջազգային իրավական ճանաչման բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիովին համապատասխանում է պետություն հասկացությունը սահմանող բոլոր չափորոշիչներին և անկախության տարիներին ապացուցել է իր կենսունակությունը», – ընդգծել է գիտնականը։

Ալեքսանդր Մանասյանն իր «Հակամարտության պատմությունը բանակցային գործընթացներում» թեմայով զեկույցում նշել է․«Բուն ղարաբաղյան հիմնախնդրում, եթե այն լուծելիս հիմք ընդունենք փաստաթղթերը, ոչ մի դժվարություն չկա։ Դժվարությունն ազդեցիկ գերտերությունների հարաբերությունների մեջ է»։

Նա պարզաբանել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված ազդեցիկ տերությունները, հետապնդելով սեփական շահերը, առաջնորդվում են հիմնախնդրի լուծման «ձգձգման» ռազմավարությամբ։

«Միջազգային սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծվի հիմնախնդիրը, կոնկրետ չեն շաղկապվում խնդրի նյութերի հետ, այլ ընդամենը հայտարարվում են միջնորդ երկրների կողմից», – նշել է Մանասյանը։

Որպես օրինակ նա մատնանշել է միջնորդների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները առանց դրանք իրականության հետ շաղկապելու։

«Մինչ Արևմուտքը որոշում էր, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները կլինեն նույնը, որոնք գործել են ԽՍՀՄ-ի ժամանակ, Ադրբեջանը 1991 թվականին չի հռչակել իր կոնկրետ սահմանները։ Այդ դեպքում ի՞նչ տարածքային ամբողջականություն է պաշտպանում ԵԱՀԿ Մինսկի խումբը», – ընդհանրացրել է նա։

Լեհ գիտնական Զբիգնև Շմուրլոն իր հերթին հանդես է եկել «Եվրոպայի շրջագծում կամ քաղաքակրթական ուղիների կենտրոնում. Հայաստանի և Արցախի ժամանակակից մարտահրավերները Լեհաստանի բնակիչների գիտակցության մեջ» զեկույցով։

«Ղարաբաղյան հակամարտության լուծումը ԼՂՀ ճանաչումն է, սակայն ոչ ոք չի համարձակվում անել դա, – ասել է նա։ – Անկասկած, Արցախն օժտված է ինքնորոշման իրավունքով և հակառակ ամեն ինչին զարգացնում է իր ժողովրդավարական իսնտիտուտները։ ԼՂՀ-ն ժողովրդավարության զարգացման իր մակարդակով գերազանցում է հետխորհրդային տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում Ադրբեջանին։

Զբիգնև Շմուրլոյի խոսքով՝ անհրաժեշտ է առավել ակտիվ ներկայացնել հայկական, և հատկապես արցախյան մշակույթը Լեհաստանում և ամբողջ Եվրոպայում։

Սերգեյ Մինասյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղում 2016թ. «ապրիլյան էսկալացիայի» որոշ ռազմաքաղաքական արդյունքներ» զեկույցը։

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում է, չնայած նրան, որ ապրիլին նա չհամարձակվեց լայնամասշտաբ պատերազմ սկսել», – նշել է նա։

Վերլուծաբանը չի բացառել, որ այս անգամ Ադրբեջանը կփորձի գրավել մի շարք բնակավայրեր և կարևոր պաշտպանական դիրքեր։

«Նոր էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և, առաջին հերթին, Ադրբեջանի համար», – նկատել է Մինասյանը՝ հավելելով, որ ապրիլյան ռազմական գործողությունների առանձնահատկություններից էր այն, որ Ադրբեջանը հասցրեց օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված ժամանակակից զենքի տարբեր տեսակներ, մինչդեռ նրան սովորական զինատեսակներով հաջողությամբ դիմակայում էին ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողները։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացին՝ Սերգեյ Մինասյանը նշել է, որ պաշտոնական Բաքուն փորձում է համատեքստից հանել իր համար շահեկան կետերը, մասնավորապես, այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներից», որոնք Հայաստանի կողմից ընկալվում են որպես բանակցությունների հարթակ։

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության և հոգեբանության բաժանմունքներում։ Ընդհանուր առմամաբ բոլոր բաժանմուքներում կարդացվել ու քննարկվել են տարբեր արդիական թեմաներով ավելի քան 70 զեկույց։

Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել գիտաժողովի արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը։

Գիտաժողովի արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում արձանագրվում էր այն փաստը, որ Արցախի ժողովուրդը ձեռք է բերել իր ինքնիշխանությունը Ադրբեջանի զինված ագրեսիային դիմակայելու արդյունքում։ Հայտարարության հեղինակները կոչ են արել Ադրբեջանի առողջ ուժերին նախապատրաստել հասարակությունը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Գիտաժողովի մասնակիցները փաստաթղթում կոչ են անում ողջ հայությանը մեկտեղել Սփյուռքի ջանքերը հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։

Գիտաժողովի մասնակիցները ներկա են գտնվել Շուշիում կազմակերպված Արցախէթնոֆեստ «Երկրի համը» առաջին միջազգային փառատոնին, Տողի մելիքական ապարանքում անցկացված արցախյան գինու 3-րդ փառատոնին, ինչպես նաև այցելել են Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և քաղաքի թանգարաններ։