Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:

Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Լիու Ջունը նշել է, որ «AVIC International»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները:

Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու «AVIC International»-ի նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը: