ՊՊԾ գնդի գրավման գործի շրջանակներում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ճանաչվել է տուժած և նրա ցուցմունքը ներկայացվել է որպես «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հիմնավորում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

«Մենք այս քննության ընթացում իմացանք, որ ՊՊԾ գնդի գործով Վալերի Օսիպյանը ճանաչվել է որպես տուժող, որովհետև տուժողի հարցաքննության արձանագրությունն էր ներկայացված, բայց կոնկրետ Վալերի Օսիպյանի ցուցմունքի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել: Ցուցմունքում ասվում էր, որ Օսիպյանը Պավլիկ Մանուկյանի հետ զրույց է ունեցել»,-ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հիմքում կարո՞ղ էր ընկած լիներ Օսիպյանի ցուցմունքը, քանի որ կալանքի ժամկետի երկարաձգման համար բերված էր այդ ապացույցը, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ նրա ցուցմունքը ներկայացվել է որպես խափանման միջոց կալանքը երկարաձգելու հիմնավորում. «Մենք դրա մասին ասացինք, որ ընդամենը մեկ ապացույց էր բերված՝ Օսիպյանի ցուցմունքը և լուսանկարներ կային, որտեղ պատկերված էր, որ Պավլիկ Մանուկյանը եղել է ՊՊԾ գնդում, դա էլ հերքելու չէ: Եթե նույնիսկ իրենք ասեին, որ այնտեղ չի եղել, մենք էինք ասելու, որ այնտեղ եղել է, մի հատ էլ ելույթ է ունեցել: Օսիպյանի ցուցմունքում Պավլիկ Մանուկյանի հասցեին մեղադրական որևէ բան չի ասվել»,-ասաց Բաղդասարյանը, և հավելեց, որ քննիչները կարող են ասել, թե նախաքննական գաղտնիք է հրապարակում, բայց բերված ապացույցը միայն այդ էր, և այդ ապացույցը բավարար չէր կալանավորումը հիմնավորելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Պավլիկ Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով: