Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ քաղաքացի. Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։