Քաղաքացի Համլետ Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ. տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Մասնավորապես՝ Համլետ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վայր ընկնելու հետևանքով քթի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգել են ոստիկանություն և հայտնել իր ստացած մարմնական վնասվածքների մասին: Նույն օրը իրենց տուն է այցելել ոստիկանության ծառայողը, որին բացատրություն է տվել, որ ընկել է, ինչի արդյունքում քթի շրջանում ստացել է վնասվածքներ:

Հետագայում իրեն կանչել են ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նույն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով ներկայացնել, թե իրականում ինչ հանգամանքներում է ստացել քթի շրջանի մարմնական վնասվածքները:

Քաղաքացի Համլետ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: