ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 205 և 193 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում ըստ նախնական հաշվարկի՝ պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամի վնաս:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալ Գոհար Վլասյանին են պատկանում նաև «Հագտրանս», «Գոհլիլ», «Խաչտրանս» , «Վլասգոհ» ՍՊԸ-ները, ինչպես նաև նրա հոր՝ Ռազմիկ Վլասյանի անվամբ հաշվառված Ա/Ձ-ն: Նշված բոլոր կազմակերպությունների միջոցով ծավալվել է ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի ՀՀ ներմուծվել է տարբեր ապրանքներ և հարկեր չի վճարվել»,-ասաց Հարությունյանը և հավելեց, որ 2016 թվականի մայիսի 27-ին Գոհար Վլասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով:

ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչը հայտնեց, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գոհար Վլասյանին ուղղորդող տեղեկատվություն է հայտնել ՊԵԿ Արտաշատի ՏՀՏ-ի տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Տիգրան Մխիթարյանը:

«Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Տիգրան Մխիթարյանի բնակարանում և աշխատասենյակում, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տնտեսվարողների գործունեությանն առնչվող հաշվապահական փաստաթղթեր, որոնց հաշվապահությունը նույնպես կատարվել է նրա կողմից»,-ասաց Հարությունյանը:

Հարցին, թե քանի գործ կա, որը կապված է ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների օրինախախտումների հետ, ՊԵԿ աշխատակից հայտնեց, որ վերջին շրջանում նման գործերի թիվը հասնում է 25-ի:

Հարցին, թե այլ պաշտոնատար անձանց կողմից կան նման խախտումներ, թե ներկայացված անձը միակն էր, Հարությունյանն ասաց, որ գործով պարզվել, որ կան որոշ պաշտոնատար անձինք, որոնք կատարել են անօրինական գործողություններ, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` տեղեկություններ չեն տրամադրում: