Այսօր Իսրայել պետությունը, հրեա ժողովուրդը և ամբողջ աշխարհը հրաժեշտ տվեցին Իսրայելի 9-րդ նախագահ, նախկին վարչապետ, պաշտպանության նախարար, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծագույն քաղաքական և պետական գործիչ Շիմոն Պերեսին. նրա հուղարկավորությանը ներկա են գտնվել աշխարհի 70 պետությունների առաջնորդներ, վարչապետներ, խորհրդարանների ղեկավարներ:
Պերեսը հանդիսանում է Իսրայել պետության հիմնադիր հայրերից. հիրավի, անգնահատելի է նրա ավանդն այս երկրի կայացման, զարգացման գործում: Իսկ ո՞րն էր հանգուցյալ Պերեսի ամենակարևոր քայլը նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին՝ իր իսկ կարծիքով:

Դեռևս 2014 թ. օգոստոսի 24-ին՝ նախագահի պաշտոնից հրաժարվելուց մեկ ամիս անց, The Jerusalem Post պարբերականի գլխավոր խմբագիր Դավիդ Բրինին տված հարցազրույցի ընթացքում հարցին՝ ո՞րն է նրա ամենամեծ ձեռքբերումն Իսրայելի նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում, Պերեսը պատասխանել է՝ Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու ծրագրի խափանումը: «Ես կանգնեցրի Նեթանյահուին Իրանի դեմ հարձակվելու մտադրությունից: Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, կարող եմ ընդամենը նշել, որ նա պատրաստ էր հարձակվել, բայց ես նրան կանգնեցրի: Նրան ասացի, որ դրա հետևանքները կարող են պարզապես աղետալի լինել»,- նշել է Պերեսը: Լրագրողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք հրապարակել այդ հայտարարությունը, Պերեսը ժպտալով պատասխանել է. «Միայն իմ մահից հետո»:

Իսրայելի հանգուցյալ նախագահի խոսքը հավանաբար վերաբերում էր 2010-11թթ., երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախկին ՊՆ Էհուդ Բարաքը հրահանգել էին իսրայելական օդուժին՝ նախապատրաստել Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումն, ինչին Պերեսի հետ միասին կտրականապես դեմ էին արտահայտվել Իսրայելի կառավարության անվտանգության հարցերով նեղ կազմի մի շարք անդամներ ևս:

Հ.Գ. Հիրավի, ձախակողմյան քաղաքական համոզմունքների կողմնակից Շիմոն Պերեսը Հրեական պետության քաղաքական, պետական գործիչների շարքում առանձնանում էր անթաքույց խաղաղասիրությամբ: Նրա հուղարկավարության արարողության ընթացքում վարչապետ Նեթանյահուն մեջբերել է իրեն ուղղված Պերեսի հետևյալ խոսքերը՝«Խաղաղությունն է հենց իսկական անվտանգությունը, եթե հաստատվի խաղաղություն, նրա հետ միասին կգա նաև անվտանգությունը»:

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: