Նորածնի առքուվաճառքի գործով նախաքննությունն առաջիկայում կավարտվի: Մեր տեղեկություններով, քննչական անհրաժեշտ գործողություններն արվել են և մինչև հոկտեմբերի վերջ արդեն նախաքննության ավարտ կհայտարարվի:

Նշենք, որ այս գործով 4 մեղադրյալ կա: Ըստ նախնական տվյալների, 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին ևս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին:

Հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին և բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանն ավելի ուշ ազատ են արձակվել: Մեղադրանք է առաջադրվել նաև նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին ու նորածնին գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: