ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բանկից գողություն կատարած անձի ինքնությունը, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, բանկում տարադրամի փոխանակում կատարելու ընթացքում դրամարկղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի գումար:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է միջին տարիքի, կապույտ վերնաշապիկով տղամարդը, գումար փոխանակելու ընթացքում աշխատակցուհուն մոլորեցնելով, վերցնում զգալի չափերի գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: