ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Սուրեն Խաչատրյանն առաջին անգամ Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2004թ. մարտի 25-ին: 2013թ. հունիսի 6-ին ազատվել էր այդ պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Երկրորդ անգամ Սյունիքի մարզպետ է նշանակվել 2014թ. սեպտեմբերի 25-ին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը: Կառավարության որոշման մեջ մասնավորապես նշվում է՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

Վահե Հակոբյանը ծնվել է 1971թ. Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան N71 դպրոցում: 1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ: 1993-95թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետև աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ապա զբաղվել ձեռներեցությամբ, որից հետո աշխատել ՀՀ գլխավոր դատախազությունում: 2010-2014թթ. աշխատել է խորհրդական Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում: 2010-2011թթ. աշխատել է նաև «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` խորհրդական, 2011-ից նույն ընկերության կոմերցիոն տնօրենն է: 2014-ի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, 2016թ. օգոստոսի 25-ից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալը: Անկուսակցական է:

Վահե Հակոբյանը միաժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը և «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահը: