«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես օգնություն է խնդրել սփյուռքի և Հայաստանի բարերարներից` հալեպահայությանը Սիրիայից դուրս բերելու համար:

ՀԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հալեպահայ տարբեր ընտանիքներից արդեն շուրջ 600 նամակ են ստացել Հայաստան տեղափոխվելու հարցում իրենց օգնելու խնդրանքով:

Որպես առավել ապահով ուղի՝ ընտրվել է հալեպահայ ընտանիքներին ցամաքային ճանապարհով նախ Սիրիայից Լիբանան, այնուհետ Լիբանանից օդային ճանապարհով Հայաստան հասցնելու տարբերակը:

Ստորև ներկայացնում ենք «ՀԱԼԷՊ»-ի տարածած պաշտոնական հայտարարությունը.

«Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն ավելի քան 600 խնդրագիր է ստացել Հալեպում բնակվող կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրության մեջ հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին Լիբանանից Հայաստան տեղափոխվելու հարցում՝ որպես ապահով երկիր։

Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար, որը ներառում է՝ Հալեպից Լիբանան ավտոբուսով փոխադրում, ելքի արտոնագրի վճար Սիրիայից Լիբանան մուտք գործելու համար, Լիբանանի սահմանից Բեյրութի օդանավակայան հասնելու փոխադրամիջոցի գումար, Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս, «Զվարթնոց» օդանավակայանից Երևան փոխադրում։

Յուրաքանչյուր բարերարի տրամադրվում է իր հովանավորած անձի կոնտակտային տվյալները:

Հավելյալ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374)-10-54 53 69։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել հալեպահայերին, կարող են փոխանցումներ կատարել առցանց (http://www.aleppo-ngo.org/donate/online-transfer/) կամ կազմակերպության հաշվեհամարներին՝ http://www.aleppo-ngo.org/donate/bank-transfers/ ․
Հարգանքով՝
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ »։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով մահացել էր 3, վիրավորվել՝ 1 հայ:

Սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 հայ: