«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլևս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:

«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը:

Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը: Հայտնի է նաև, որ Դալլաքյանն ու Զաքարյանը բավականին վաղուց ընկերներ են:

Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ իրեն կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս:

Բացի այդ, այս երեքին միավորում է նաև Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը: Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաև «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: