Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատելու պատրաստակամության համար և մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել. «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,-նշել է վարչապետը:

Հանձնարարվել է նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ և կապեր բոլոր դպրոցների հետ: Ցավոք սրտի, այս պահին այդ հնարավորությունները էֆեկտիվ չենք օգտագործում: Կառավարության ծրագրի մեջ հստակ ձևակերպել ենք, որ բոլոր համայնքների դպրոցներն այդ հնարավորությունն ունենան. որտեղ ուսուցիչների պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-ասել է վարչապետը: