Գործադիրն ընդունել է «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին համապատասխան որոշում: Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ տեխնիկական բնույթի մի քանի փոփոխությունների ընդհանուր գաղափարն այն է, որ կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումները, այդ թվում՝ Քաղաքաշինական պետական տեսչության, հիմնականում խոշորացվում են: Կարեն Կարապետյանը կոմիտեի նախագահից հետաքրքրվել է՝ վերակազմավորման ընթացքում կրճատում արվում է, թե ոչ: Ի պատասխան Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ գոյություն ունեցող ստորաբաժանումները խոշորացվելու են, ինչի արդյունքում լինելու են կրճատումներ: ՀՀ վարչապետը, անդրադառնալով նախորդ նիստերից մեկում տրված հանձնարարականին, մեկ անգամ ևս հիշեցրել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ: «Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Պարզեցնում ենք կառավարումը՝ մեկ, կրճատում ենք՝ երկու: Ավելորդ կառույցներից, ՊՈԱԿ-ներից, ԾԻԳ-երից հրաժարվում ենք: ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ դրանցից հրաժարվում»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: